Գործող իշխանության վերնախավում վերջին շրջանում տեղի ունեցող գործընթացները բացահայտեցին իշխանության ներսում ձեւավորված ֆինանսա-քաղաքական կլանների եւ նրանց սպասարկող քրեաօլիգարխիկ կառույցների միջեւ փոխհարաբերությունների նկատելի սրացումը: Դրա առավել տեսանելի մասը ի հայտ եկավ օրերս ԱԺ-ում ուժայինների մասնակցությամբ տեղի ունեցած հայտնի լսումների ժամանակ: Միջկլանային սուր պայքարի դրսեւորումներ էին նաեւ վերջին շրջանի կադրային փոփոխությունները, փոխատեղումները, հրաժարականները եւ դրանց նախորդող անդրկուլիսյան զարգացումները: Վերոնշյալ հրապարակային եւ ավելի շատ քողարկված դրվագները հիմք տվեցին փորձագիտական, քաղաքական եւ լրատվական հանրություններին ավելի փաստարկված խոսել երկրի կառավարման համակարգի կլանային բնույթի մասին: Իհարկե, Հայաստանի համար նման համակարգի առկայությունը դժվար է նորություն համարել (անգամ Խորհրդային Հայաստանի ժամանակաշրջանում): Այն, թերեւս, այս կամ այն չափով բնորոշ էր փաստացի բոլոր իշխանական վերնախավերի համար: Սակայն այսօրվա վարչախմբի առանձնահատկությունը հենց այն պետք է լիներ, որ համակարգային կոռուպցիայի եւ քրեաօլիգարխիկ համակարգի դեմ պայքարողի դրոշով իշխանության եկած քաղաքական եւ նրան աջակցող դրսի եւ ներսի տարաբնույթ կառույցները պետք է, որ արմատախիլ արած լինեին այդ համակարգը: Մինչդեռ, ինչպես ցույց տվեց ժամանակը, կլանաօլիգարխիկ համակարգի «ոսկե դարաշրջանը» եկավ հենց այս իշխանության օրոք: Միջկլանային պայքարի առաջին տեսանելի եւ, ավելի շատ, քողարկված դրսեւորումները սկսեցին ի հայտ գալ դեռ 2020թ. սկզբում` քովիդի դեմ պայքարի շրջանակներում: Փորձագետների գնահատմամբ, մենք ականատես ենք կլանային պայքարի դասական դրդապատճառներին. կլանների միջեւ պայքարը սրվում է հիմնականում այն ժամանակ, երբ տարբեր խմբավորումների միջեւ արդեն «կիսելու բան կա»: Բնականաբար, խոսքը վերաբերում է քաղաքական ազդեցությանը, ֆինանսաբյուջետային լծակներին տիրապետման ու պետական կառավարման համակարգում կադրային եւ այլ վարչարարական որոշումներ կայացնելու հնարավորություններին, ուժային կառույցների հանդեպ վերահսկողություն ունենալուն, օրենսդրական եւ այլ նորմատիվային ակտերի ընդունման կամ չեղարկելու վրա ազդեցություն եւ այլն: Վերոնշյալ կրիտերիաներից ելնելով, վերջին 4-5 տարիների ընթացքում ձեւավորվեցին (իհարկե, ընթացքում նաեւ որոշակի փոփոխությունների ենթարկվելով) մի քանի, համեմատաբար խոշոր եւ ազդեցիկ իշխանական կլաններ: Բնականաբար, առաջին հերթին պետք է հիշատակել, այսպես կոչված, իջեւանյան կլանը, որը բնականաբար ներառում է ոչ միայն ծագումով իջեւանցիների, այլեւ՝ այդ կլանի պարագլխին՝ Նիկոլ Փաշինյանին եւ նրա ընտանիքին սերտաճած անհատներին ու կառույցներին (քաղաքական դաշտի ներկայացուցիչներին, բիզնեսմեններին, որոշ ուժայիններին, տարբեր տրամաչափի քրեական հեղինակություններին, ինչպես նաեւ կլանի ռեսուրսներից սնվող մտավորականության որոշ ներկայացուցիչներին): Մյուսն, ավանդաբար, հիշատակվում է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի շուրջ ձեւավորված խմբավորումը: Այս կլանն, ի սկզբանե` անմիջապես իշխանափոխությունից հետո, փորձեց իմիջային առումով տարանջատվել ոչ միայն իջեւանյան կլանից, այլեւ «Քացաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների հիմնական հատվածից: Այս կլանի հիմնական ռեսուրսները ֆինանսատնտեսական ասպարեզում են, որոնք թույլ տվեցին հետագայում՝ Տիգրան Ավինյանի քաղաքապետ դառնալուց հետո, ձեռք բերել հսկայածավալ վարչական լծակներ եւ ռեսուրսներ, որոնք թերեւս մրցունակ են իջեւանյան կլանի հնարավորությունների հետ: Քաղաքապետի կլանի մրցունակությունը եւ հզորանալու տենդենցը, փորձագետների դիտարկմամբ, պայմանավորված է նաեւ արտաքին ազդեցիկ ուժային որոշ կենտրոնների աջակցությամբ: Այդ հովանավորությունը եւ ֆինանսական անկախությունն այն գրավականն է, որը թույլ է տալիս Տիգրան Ավինյանին անհամեմատ ազատ իրեն զգալ իր գործողություններում եւ անգամ քաղաքական ամբիցիաներ դրսեւորել ինչպես ՔՊ-ի ներսում, այնպես էլ իշխանական համակարգում:
Իհարկե, քաղաքապետի թիմի ներկայացուցիչներ կան նաեւ օրենսդիր եւ գործադիր մարմինների ամենաբարձր օղակներում (ինչպես բացահայտ, այնպես էլ՝ ծպտյալ): Հաջորդը պայմանականորեն կարելի է անվանել Ալեն Սիմոնյանի կլան: Պայմանականորեն, քանի որ այդ անձը, որպես այդպիսին, ինքնուրույն ֆիգուր չէ, այլ տարբեր ժամանակահատվածներում հանդիսացել է այս կամ այն ազդեցիկ օլիգարխիկ կառույցի դրածոն կամ ներկայացուցիչը իշխանական վերնախավում: Ալեն Սիմոնյանի կարիերայի սրընթաց վերելքը պայմանավորված է հենց այդ, որոշ դեպքերում իրար մրցակից, օլիգարխիկ խմբերի ջանքերով: Հենց ներիշխանական աղբյուրների պնդմամբ, անմիջապես «հետհեղափոխական» շրջանում Ալեն Սիմոնյանին «վերեւ բրթողը» նրա վաղեմի հովանավոր Խաչատուր Սուքիասյանն էր: Նույն աղբյուրների պնդմամբ, հետագայում ԱԺ ներկայիս նախագահը դարձավ նոր ֆինանսաօլիգարխիկ խմբի`«Վիվառոյի» Վիգեն եւ Վահե Բադալյանների հովանավորյալը, ինչը ԱԺ նախագահի եւ նախկին հովանավորի միջեւ փոխհարաբերությունների զգալի սառեցման պատճառ դարձավ: Բացի այն, որ Ալեն Սիմոնյանն ունի իր հովանավորների ահռելի ֆինանսական ռեսուրսների որոշակի հասանելիություն, տիրապետում է նաեւ որոշ մեդիա ռեսուրսների եւ ֆեյքերի ֆաբրիկաների: Այս կլանը չունենալով որեւէ սկզբունքային գաղափարական հենարան, սովորաբար ստանձնում է իշխանության ամենասեւ գործերն անելու պարտականությունը իշխանության բուրգում իր տեղը պահպանելու կամ ամրապնդելու հույսով (այս կլանը էստաֆետային փայտիկի նման փոխանցվում է մի իշխանությունից մյուսին): Որպես յուրահատուկ եւ առանձին կլան կարելի է համարել, այսպես կոչված՝ «սորոսական» կլանը, որի ֆորմալ ղեկավար է համարվում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Այս ազդեցության խումբն ունի հիմնականում արտաքին, գրեթե անսպառ, ֆինանսավորում, բայց եւ միակն է բոլոր կլաններից, որ ունի հստակ աշխարհաքաղաքական ու գաղափարախոսական ուղղվածություն եւ դրան համապատասխանող նպատակներ: Վերջիններս, թերեւս, ամենաազդեցիկն են նաեւ մեդիա դաշտում: Որպես իրենց նպատակներին հասնելու հիմնական գործիք կլանը տեսնում է ուժային կառույցների նկատմամբ վերահսկողություն հաստատելը եւ օրենսդրական ու պետական նշանակության նորմատիվային ակտերի նախապատրաստման գործառույթներ ստանձնելը: Այս առումով հարաբերական հաջողություններ, որովհետեւ թեեւ այս կլանը գրեթե բոլոր ուժային կառույցներում ունի իր ներկայացուցիչներին, սակայն առայժմ այդքան էլ նրանցից ոչ բոլորն են ազդեցիկ իրենց կառույցներում: Բայց անձամբ Արմեն Գրիգորյանը դարձել է արտաքին քաղաքականության հիմնական «կուռատոր» եւ ԱԳՆ փաստացի նախարար: Վերջին շրջանում բավականին արդիականացել են խոսակցությունները ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կլանի հավակնությունների մասին: Այս կլանը թերեւս ամենաթույլն է ու ավելի շատ հայտնի ներիշխանական ինտրիգներով, թեեւ ֆինանսապես լինելով կախված այս կամ այն կլանից, նրանց եւս բոլորը հեշտ մանիպուլացնում են եւ օգտագործում որպես ներիշխանական պայքարի գործիք: Ի սկզբանե ձգտել են տիրապետել ուժային լծակներին, սակայն առայժմ բոլոր փորձերն անհաջողության են մատնվել: Այս անհաջողությունները պայմանավորված են նաեւ նրանով, որ որ կլանի ղեկավար Անդրանիկ Քոչարյանն արմատներով ՔՊ-ից չէ եւ նա վստահություն չի վայելում վերջիններիս շրջանում: Ռուսական ազդեցության համարվող կլանի պարագլուխը անփոփոխ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է: Մյուս կողմից նա ունի նաեւ այլ առանձնահատուկ նշանակություն իշխանական վերնախավում՝ հանդիսանում է միջնորդ հայաստանյան բանկային համակարգի եւ իշխանության միջեւ եւ նրա միջոցով են իրականացվում տարաբնույթ ֆինանսաբանկային գործարքներ, որոնց լեգիտիմությունը ոչ միշտ է անթերի համարվում: Ընդ որում, իշխանական վերնախավի եւ, առաջին հերթին իջեւանյան կլանի համար, ծայրահեղ օգտակար են նաեւ Մհեր Գրիգորյանի հնարավորությունները միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ համագործակցության առումով: Առաջին հայացքից Մհեր Գրիգորյանը որեւէ ամբիցիա չի դրսեւորում, սակայն պարբերաբար նրա անունը շրջանառվում է, որպես հավանական տեղապահ իշխանափոխության տրանզիտային սցենարների պարագայում:
Մարիամ ՂԱԶԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
07.11.2024
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2024/11/08/1453229/