Արտակարգ իրավիճակներում առողջապահական ենթակառուցվածքը դիմակայուն չէ. Հաշվեքննիչ պալատ


Արտակարգ իրավիճակներում առողջապահական ենթակառուցվածքը դիմակայուն չէ. Հաշվեքննիչ պալատ
Հոկտեմբեր 23 21:11 2024

«Հետք»․ Հաշվեքննիչ պալատն արտակարգ իրավիճակներում առողջապահական ենթակառուցվածքի դիմակայունության վերաբերյալ եզրակացություն է հրապարակել և վեր հանել լուրջ բացթողումներ ու չկարգավորված հարաբերություններ: Արձանագրվել է, որ Հայաստանում առողջապահության համակարգը պատրաստ չէ դիմակայել աղետներին:

 

Հաշվեքննիչ պալատը նշել է, որ արտակարգ իրավիճակները ձևավորում են անմիջական սպառնալիքներ մարդու կյանքի և առողջության համար։ Հնարավոր մարդկային կորուստների չափը մեծապես կախված է առողջապահական համակարգի արձագանքման կարողությունից։ Ամեաէական ռիսկն ուժեղ երկրաշարժն է, որի դեպքում ծանր ու միջին ծանրության վիրավորների թիվը կարող է հասնել մինչև 120 հազարի։ Մյուս էական ռիսկը ռազմական գործողություններով պայմանավորված իրավիճակն է, որի վերաբերյալ տվյալները համարվում են գաղտնի:

 

Արձանագրվել է, որ Առողջապահության նախարարության կողմից առողջապահական համակարգի ենթակառուցվածքային պատրաստվածության բացերի գնահատման, մշտադիտարկման և կառավարման ինստիտուցիոնալ կարողությունները սահմանափակ են, ինչն իր հերթին սահմանափակում է նպատակների իրագործելիությունը։ Կարիքները, կարողություններն ու դրանց միջև առկա խզումը համալիր կերպով բացահայտված չէ:

 

Նախարարությունը չունի առողջապահական բնագավառում արտակարգ իրավիճակների ռիսկի կառավարման համապարփակ մանդատ։ Որպես հետևանք՝ նախարարությունը հսկողություն է իրականացնում միայն իր ենթակա բժշկական հաստատությունների աղետների ռիսկի կառավարման գործընթացի նկատմամբ։ Մինչդեռ, ըստ Հաշվեքննիչ պալատի, արտակարգ իրավիճակների ժամանակ համակարգի արձագանքից առավելագույն արդյունք կարող է ստացվել միայն համակարգի՝ որպես մեկ միասնական միավորի պատրաստվածության պարագայում:

 

 Ավելի՝ սկզբնաղբյուրում։