«Այս նախագիծը որքանո՞վ է ազդելու բանակի ինտելեկտուալության վրա։ Այսօրվա բանակը 50 տարի առաջվա բանակը չէ, այսօրվա զենքը, կապի միջոցները, մնացած անեն ինչը բարձր ինտելեկտուալ պատրաստվածություն են ենթադրում, բայց այս նախագծով մենք տանում ենք բանվորագյուղացիական բանակի»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նա նշեց, որ այն երիտասարդը, ով իր մտավոր կարողություններով կարող է ավելի շատ փող աշխատել քաղաքացիական կյանքում, կդնի ու կհաշվարկի՝ «այսքան տամ բանակից ազատվել ու գնամ փող աշխատեմ»։
«Սրանով արդյո՞ք պոտենցիալ բարձր ինտելեկտուալ կադրերի հոսքը չի նվազում»,- հարցրեց Ա. Խաչատրյանը նախագծի հեղինակ Հայկ Սարգսյանին։
Նա հակադարձեց. «Կասեմ՝ ուղիղ հակառակը։ Բարձր ինտելեկտուալ մարդկանց մենք բերում ենք բանակ։ Ընդունենք՝ մարդն ավարտել է աշխարհի լավագույն համալսարանները, 27 տարին լրացած է, ցանկանում է գալ, բանակում ծառայել, չունի նման հնարավորություն, քանի որ ասում ենք՝ քո 27 տարին լրացած է, չես կարող ծառայել։ Այդ մարդն այս օրենքի ընդունման արդյունքում հնարավորություն կունենա ծառայել բանակում և իրենց գիտելիքները ի շահ մեր պետության ծառայեցնել։ Սա նաև կբերի ինտելեկտուալ բանակի ստեղծմանը»։
Հիշեցնենք, որ առաջարկվող նախագծով նախատեսվում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ անցնելու զինվորական ծառայություն՝ միաժամանակ ՀՀ պետական բյուջե վճարելով համապատասխան գումարներ, կամ՝ առանց զինվորական ծառայություն անցնելու, պետական բյուջե վճարելով համապատասխան գումար՝ նշված բոլոր դեպքերում ազատվելով քրական պատասխանատվությունից:










