Գերմանիայի կանցլեր եւ ՔԴՄ/ՔՍՄ կուսակցական դաշինքի ղեկավար Անգելա Մերկելի ժողովրդականության վարկանիշն օգոստոսին անցած ամսվա համեմատությամբ ընկել է 10 կետով՝ կանգնելով 59 տոկոսի նշագծին:
Այդ մասին վկայում է Infratest Dimap ինստիտուտի հարցումը, որն անցկացվել է ARD հեռուստաալիքի եւ Welt թերթի պատվերով։Գերմանիայում Բունդեսթագի ընտրություններն անցկացվելու են սեպտեմբերի 24-ին:
Հարցման տվյալներով՝ այն հարցվածների թիվը, որոնք Մերկելի գործունեությունից «գոհ են» կամ «շատ գոհ», հուլիսի համեմատությամբ նկատելիորեն կրճատվել է: Այն ժամանակ կանցլերի վարկանիշը կազմում էր 69 տոկոս: Նվազել է նաեւ համերկրային կառավարության ժողովրդականությունը. այն ընկել է յոթ կետով եւ հասել 45 տոկոսի: Դրա հետ մեկտեղ հարցման այն մասնակիցների թիվը, որոնք ամենեւին գոհ չեն կառավարության գործունեությունից, աճել է 6 կետով եւ հասել 15 տոկոսի:
Ժողովրդականության վարկանիշերում Մերկելն զգալի առավելություն է պահպանում իր գլխավոր ընդդիմախոսի՝ Սոցիալ-Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մարտին Շուլցի նկատմամբ: Այս ամսին ԳՍԴԿ-ի ղեկավարի վարկանիշն ընկել է չորս կետով՝ մինչեւ 33 տոկոս:
Չնայած դեռեւս բարձր վարկանիշին, Մերկելը ժողովրդականությամբ միայն երրորդ տեղն է զբաղեցրել գերմանացի քաղաքական գործիչների շրջանում: Առաջին հորիզոնականում հայտնվել է ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն (64 տոկոս), նրան հաջորդում է ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը (63 տոկոս): Երրորդ տեղում Մերկելն է, իսկ հնգյակը եզրափակում են ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը (50 տոկոս) եւ Բավարիայի վարչապետ եւ Քրիստոնեասոցիալական միության առաջնորդ Հորսթ Զեեհոֆերը (40 տոկոս): Նրանց հաջորդում են գերմանացի լիբերալների առաջնորդ Քրիստիան Լինդները (39 տոկոս) եւ, վերջապես, Մարտին Շուլցը: Ուղղակի ընտրությունների դեպքում Մերկելի օգտին իրենց ձայնը կտար մասնակիցների 52 տոկոսը, Շուլցի օգտին՝ 30 տոկոսը:
Թեկնածուներից ոչ մեկի օգտին չէր քվեարկի հարցվածների 14 տոկոսը: ՔԴՄ/ՔՍՄ կուսակցական դաշինքն ամենագլխավոր ուժն է մնում առաջիկա ընտրություններում. դաշինքի օգտին իր ձայնը պատրաստ է տալ մասնակիցների 39 տոկոսը: Սոցիալ-դեմոկրատներն ավելացրել են մեկ կետ եւ ձայները հասցրել 24 տոկոսի: Ազատ դեմոկրատները, «Կանաչները» եւ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունները հավաքում են ձայների 8-ական տոկոսը, «Ձախերը»՝ 9 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: