Ինձ մոտ չի ստացվում ստեղծագործելով գումար վաստակել, պահակ եմ աշխատում. ով է ֆեյսբուքի հայտնի Նեմրութը (Լուսանկարներ)


Ինձ մոտ չի ստացվում ստեղծագործելով գումար վաստակել, պահակ եմ աշխատում. ով է ֆեյսբուքի հայտնի Նեմրութը (Լուսանկարներ)
Օգոստոս 5 18:25 2017

Ֆեյսբուքյան օգտատերերը կարդում են նրա ստեղծագործությունները, որոնցում բացակայում է պաթոսն ու գերակշռում պարզությունը: Մասնագիտությամբ իրավաբան Արամ Թարվերդյանը (Նեմրութ) գրում է, թեև, գումար գրելով չի վաստակում, աշխատում է որպես պահակ, իսկ ֆեյսբուքյան պաթոսի դեմ պայքարում է իրոնիայով ու ցինիզմով: Առհասարակ, ըստ նրա, Հայաստանում այլ կերպ ապրել հնարավոր չէ՝ կխեղդվես: Armday.am-ը զրուցել է Արամի հետ և պարզել, թե ժամանակակից գրողի մասին նրա պատկերացումները, գրական դաշտի հետ շփումների մակարդակը և մի շարք այլ հարցեր:

Իրավաբանությունն ինձ օգնում է գրելիս

Մասնագիտությամբ իրավաբան եմ, բայց իրավաբանության և ստեղծագործելու մեջ հակասություն չեմ տեսնում, ամեն բան գալիս է մարդու լայնախոհությունից և բարձր էսթետիկ ճաշակ ունենալուց: Եթե ունեցար, ամեն բան էլ կարող ես անել՝ անկախ մասնագիտությունից, եթե դրանց գումարես նաև ունակությունը, որը սովորելու վրա է, բարդ չէ: Իրավաբանական կրթությունը շատ գիտական դիսցիպլինաների է ծանոթացնում մարդուն և տալիս բազմակողմանի զարգանալու հնարավորություն, օրենք սերտելով ոչ լավ իրավաբան կլինես, ոչ էլ մեկ այլ բան դառնալու հնար կունենաս, եթե խորքային առումով չես հասկացել ոլորտդ, իսկ իրավունքի ոլորտում հասկանալու շատ հետաքրքիր բաներ կան, որոնք ինձ շատ են օգնում գրելիս:

Հայաստանում առանց իրոնիայի ու ցինիզմի ապրելը դժվար է 

Ֆեյսբուքում գրանցվել եմ 2012-2013թթ., ինձ  ուղղակի համոզեցին, դե ես էլ հեշտ եմ համոզվում ու էդպես: Ես էլ գրում տեղադրում էի իմ գործերը: Գործերիս հայտնի լինելը շատ վիճելի է այս դեպքում: Ֆեյսբուքում ամենից շատ սիրում եմ կապույտ ֆոնը, իսկ եթե լուրջ՝ հարմար բան է էլի, եսիմ: Ֆեյսբուքը միատարր չէ, տարբեր շերտեր կան և միանշանակ չեմ կարող ասել, թե ինչ է պակասում հայ համայնքին, բայց առաջնայինը, ինչ աչքի է ընկնում, դա կրթվածության պակասն է և այստեղ խոսքը տարրական կամ մասնագիտական կրթության մասին չէ, այլ լայնախոհության, ինչպես կասեն «տեսած» լինելու մեջ: Այ դա պակասում է: Ֆեյսբուքում պարբերաբար գերակշռող պաթոսի դեմ պայքարում եմ իրոնիայի ու ցինիզմի անսպառ պաշարով: Ընդհանրապես, Հայաստանում առանց իրոնիայի ու ցինիզմի դժվար է ապրել: Մի տեսակ խեղդվում ես:

Անհայտ է, թե որ քաղաքակրթությանն ենք մենք պատկանում 

Ինձ համար կարևորն այն է, որ գործը լինի «ժամանակակից», նորարարական իր ձևի և բովանդակության մեջ: Ստեղծի նոր մտքերի դաշտ, կոտրի դասական կաղապարները, բայց, միևնույն ժամանակ, չկտրվի և դառնա լրիվ անհասկանալի տեքստ, այլ պահպանի որոշակի նույնականացման գծեր, որպեսզի հնարավոր լինի հասկանալ, որ սա պոեզիա է: Լուծի որոշակի գրական ու լեզվաբանական խնդիրներ: Վերջին հաշվով, լեզվի հետ աշխատում են գրողները, դա միայն բառարան գրողների զբաղմունքը չէ: Ինչպես անել, որ հայերենի խոսակցական լեքսիկան և սլենգը հարստանա, որտեղից այն կարող է սնվել, ինչ կարող են անել դրա համար գրողները, թե չէ մնացել ենք ռուսական վուլգար, կիսագողական ժարգոնի հույսին, որը կիրառողներին հաճախ մեղադրելու էլ չէ, քանի որ հայերենում մարդը կարող է չգտնել այն բառերը, որոնցով կարող է արտահայտել իր էմոցիան: Ինձ համար այս ու նման հարցեր առանցքային են գրելիս: Փորձում եմ ինձ հավատացնել, որ ես գրում եմ պոստմոդերնիստական հայի մասին, որը արդեն կայսրության ծայրամասի բնակիչ չի (Թարքիայի կամ Ռուսիո), սովետական էլ չի, այլ գտնվում է նոր ժամանակակից աշխարհում և հետևաբար պետք է, որ լինի ուրիշը, ուրիշը՝ իր մտքերով, նիստ ու կացով, պատկերացումներով: Ո՞վ է ինքը, ի՞նչ արժեքներով է ապրում, ինչպե՞ս է պատկերացնում աշխարհը և ի՞նչ տեղ է իրեն վերապահում այդտեղ: Ախր, վերջին հաշվով, մենք ոչ արևմտյան, ոչ ռուսական, ոչ էլ ասիական քաղաքակրթությանն ենք պատկանում, բայց թե որն է ուրույն մերը, դա ոչ մի ձև չենք կարողանում գտնել:

Մեզ վիճակվա՞ծ է անվերջ լիզել արդեն մաշած Նաիրյան Արևը

Անընդհատ մեր վրա ենք փորձում եվրոպական ինչ-ինչ լեկալներ և վերջում նմանվում ենք անհասկանալի շորեր հագած մարդու, որի վրա մի բան նեղ է, մյուսը լայն, իսկ երրորդը ընդհանրապես չի սազում: Որն է մեր ժամանակների, ասել է թե նոր հայի արժեհամակարգը, հայրենասիրության դրսևորման ձևը կամ ոնց է այն արտահայտվում, դարձյալ Սասուն-Վան մտնելով և ուրիշի սապոգներ օրհնելով, կարծում եմ որ չէ, որն է այն մեծ ընդհանուր անգիտակցական զգացողությունը, որը կսազի մեր հասարակության և, միևնույն ժամանակ, չի լինի անբովանդակ պաթոսի ժանրից: Որն է մեր նոր երազը, թ՞ե մեզ վիճակված է անվերջ լիզել արդեն մաշած Նաիրյան Արևը: Այս հարցերը ինձ անընդհատ զբաղեցնում են: Սա ու մի շարք ներանձնական բաներ, որ հատուկ են բոլորիս՝ սեր, կյանքը իր տարբեր դրսևորումներով և առաջինների շարքում «հավերժական փախուստի» գաղափարը, որ գնալով մեջս սրանում է և ավելի ակնհայտ դառնում իմ տեքստերում: Փախուստ՝ աղմուկից, հասարակությունից ու մի շարք երկրորդական բաներից. մի գործ ունեմ անունը «Ձկադարձի օրեր» է, խոսքը էվոլուցիոն շղթայով դեպի հետ գնալու մասին է, այսինքն եթե մարդը դուրս է եկել ջրից, պայմանական, ասենք, ձուկ է եղել ու անցնելով էվոլուցիոն շղթան՝ դարձել մարդ, հիմա ժամանակն է հետ գնալու, կարծում եմ, սա հենց այս արագացող ժամանակների հանդեպ մերժման ռեֆլեքս է:

Պահակ եմ աշխատում

Ստեղծագործելով այսօր երևի հնարավոր է գումար վաստակել Հայաստանում, չգիտեմ, ինձ մոտ որ չի ստացվում: Կարծում եմ, այստեղ բացի գործիդ որակից պետք է նաև ներքին գրական խոհանոցը իմանալ, ճիշտ մարդկանց ու ճիշտ մտնելու և դուրս գալու տեղերը, որպեսզի կարողանաս քո գործը ընթերցողին հասցնելուց բացի նաև դրանով ապրելու գումար վաստակել: Չգիտեմ, ես հեռու եմ «գրական դաշտ» ասվածից, գրեթե ոչ մեկի հետ չեմ շփվում և, մեր մեջ ասած, առնչվելու հավես էլ չկա այդ ամենի և ամենքի հետ: Իմ գործը գրելն է և մեկ-մեկ էլ ցույցերի գնալը: Այս պահին պահակ եմ աշխատում:

Անբովանդկան պաթոսն ինձ հունից հանում է

Մեր ժամանակներին հատուկ բան է, որ մեկ-երկու բլոգային գրառումներ ունեցողներն իրենց ժամանակակից գրող են կոչում և ամբողջ աշխարհում է այդպես, կարծում եմ, սարսափելի բան չկա դրանում. ժամանակը ամեն բան ու ամեն մեկին իր տեղն է գցում: Որպես այդպիսին, գրողի կերպար չունեմ: Գրողը ինչի մասին ուզում է թող գրի, միակ չափանիշը տաղանդավոր լինելն է և որակյալ գործ անելը, մնացյալը ճաշակի հարց է, որը երկրորդական է: Լավ գրողները շատ են (չնայած լավ գրողի շատը չի լինում), կան մարդիկ, ում պետք է հետևել, ովքեր նոր շունչ, մտքի ավելի մշակված և սինթետիկ որակ են ստացել և այդ մարդիկ դեռ ասելիք ունեն ու կասեն, մի քիչ դիմանալ է պետք, դա հատկապես վերաբերում է նոր սերնդին: Ինձ թվում է, մի տեսակ անցումային շրջան է գրականության մեջ և նման փուլերը աննկատ չեն անցնում: 

Բացասական համատեքստում անուններ տալը սխալ կլիներ, բայց ոնց կասեն՝ nomen illis legio (անունը նրանց լեգիոն), շատ են՝ շատ-շատ, որոնք գրելու հետ բացարձակ կապ չունեն, բայց ինչ-ինչ հնարքներով զբաղեցնում են մարդկանց ականջներն ու միտքը. չնայած անցողիկ բան է: Անուններ տալը պարապ զբաղմունք է, ուղղակի 2 բան կա, որ հունից հանում է ժամանակակից գրական հոսքի մեջ. մեկը այդքան ծեծված անբովանդակ պաթոսն է, մյուսը՝ գնալով սաստկացող, իռացիոնալ և արդեն շնչելու տեղ չթողնող իրանական պոեզիայի վկաների(իրանական պոեզիան պայմանական եմ օգտագործում այս դեպքում), ամեն բան միջակ տեքստերի վերածող, անվերջ ու արդեն անհետաքրքիր դարձող վերլիբռ-իստների ամբոխն է, իրենց խիստ ներանձնական և տաղտուկ պոեզիայով:

Կարինա Սահակյան