Ադրբեջանն ապրիլի 23-ին փակել է Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, ինչի հետևանքով Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ։
Tert.am-ը զրուցել է արցախցի Հերմինե Զարգարյանի հետ՝ Արցախում տիրող իրավիճակի, արցախցիների շրջանում եղած տրամադրությունների, առկա խնդիրների ու այլ հարցերի մասին։
-Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող Հակարիի կամրջի վրա անցակետ տեղադրելուց և ճանապարհը փակելուց հետո լիակատար շրջափակման մեջ հայտնվեց։ Ի՞նչ տրամադրություններ են այս պահին բնակիչների շրջանում, ընդհանուր ինչ վիճակ է։
-Արցախաբնակ հայը ունի մեկ երազանք՝ ապրել խաղաղ, ապահով Արցախում, սեփականատիրոջ իրավունքով մենք պահանջում ենք թույլ տալ ապրել ամենահայկական հողում։ Հայտնվելով լիակատար շրջափակման մեջ՝ մենք այսօր հոգեբանական մեծ ճնշման տակ ենք, որովհետև ապրում ենք մի տարածքում, որի մուտքի մոտ գրված է «Ադրբեջանի տարածք», համենայն դեպս հաճելի զգացողություն չէ։ Անորոշությունը հիմա ամենամեծ հոգեբանական ճնշումն է արցախցիների համար, ճիշտ է կլենցաղային շատ խնդիրներ կան, բայց անորոշությունը հիմա ամենամեծ խնդիրներից մեկն է, որ կա արցախցիների շրջանում։
-Ի՞նչ եք կարծում Ադրբեջանն արդյո՞ք սրանով ցանկանում է վերջնականապես շրջափակման մեջ թողնել Արցախն ու ստիպել, որ արցախցիները համաձայնեն ապրել Ադրբեջանի կազմում։
-Շրջափակման առաջին օրվանից ես դադարել եմ լինել ռեալիստ, ստեղծել եմ իմ երևակայական աշխարհը ու ապրում եմ իմ իդեալական Արցախում։ Միանշանակ Ադրբեջանի նպատակը մեկն է՝ հայաթափել Արցախը, բայց արցախցու կամքը այնքան հզոր է, որ 4 ամսից ավել գտնվելով շրջափակման մեջ ու ամբողջությամբ գտնվելով ադրբեջանցիների թիրախում՝ շարունակում է պայքարել։ Փորձ է արվում արցախցուն զրկել իր տանը ապրելու իրավունքից։ Տեսակետ կա տարածված, որ արցախցու համար չկա տարբերություն՝ ում տիրապետության տակ կապրեն, որպես արցախցի եմ ասում՝ ոչ մի արցախցի չի պատրաստվում ապրել թուրքի հետ համատեղ։
-ՀՀ իշխանությունները այդպես էլ ուղիղ չեն պատասխանում այն հարցին, թե հնարավո՞ր է Արցախի մի օր հայտնվի Ադրբեջանի կազմում։ Ի՞նչ են այս մասին մտածում արցախցիները։
-ՀՀ իշխանությունների վերաբերմունքը վրդովվեցնում է արցախցուն, երբեք այսքան անտարբեր վերաբերմունք չի եղել, խոսքս հայաստանցիների մասին չէ, խոսքս վերաբերվում է ՀՀ իշխանությւոններին, այսքան անտարբեր վերաբերմունք դեռ ՀՀ ոչ մի իշխանության կողմից չի եղել, կոչեր անելով չէ, զգոնության ճիչեր անելով չէ, քայլեր են պետք, որը չեն տեսնում։ Արցախցին չի զգում, որ ՀՀ իշխանությունը սատար է իրեն, դա շատ ցավոտ է մեզ համար։ Թե՛ պատերազմի, թե՛ խաղաղության օրերին մենք մեր թիկունքին միշտ զգացել ենք Հայաստանի օգնունությունը Արցախին, հիմա այդպես չէ։
Հայաստանի իշխանություններն ասում են՝ արցախցիները պիտի որոշեն, իրենք այլևս անելիք չունեն։ Ասում են՝ սա արդեն ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է, արցախցիների շրջանում տպավորություն կա՞, որ Հայաստանը «լվացել» է իր ձեռքերը Արցախից։
Արցախը այսօր հայտնվել է աշխարհի խաղակենտրոնում ու ինչքան էլ սա լինի հզոր կենտրոնների պատերազմ, Հայաստանն է, որ պետք է քայլեր ձեռնարկի, Հայաստանը իրավունք չունի ձեռքերը Արցախի լվանալու։ Երբ երեխադ հիվանդ է, չես ասում՝ ոչինչ չեմ անում, թող մնա ճակատագրի հույսին, ինքը որոշի՝ ոնց վարվի։ Չեմ կարող ասել հարցը ինչքանով է ռուսների լուծման առարկան, չեմ կարող սահմանազատել որտեղ է վերջանում մեկի իրավունքը և սկսում մյուսինը , գիտեմ միայն, որ այս ամեն ինչից տուժում է միայն արցախցին։
-Ուտելիքի, դեղորայքի պաշար ունե՞ք, որքա՞ն կբավականացնի։
-Դեղորայքի պաշարը փորձում են լրացնել դեղատներն ու հիվանդանոցը, բայց հիվանդանոցը չի կաողանում այնքան համալրվել, որ մեկնարկի պլանային վիրահատությւոնները։ Ուտելիքի պաշարները բավականին սուղ են, երեխաներին ու հղիներին վիտամիններվ հարուստ սննդային մատակարարումները բավականին տուժել է, այս առումով։










