Ցավում եմ, որ Զորի Բալայնն այս պահին գնաց, ինքը պետք է տեսներ իր հայրենիքի վերադարձը․ Արամ Սարգսյան


Ցավում եմ, որ Զորի Բալայնն այս պահին գնաց, ինքը պետք է տեսներ իր հայրենիքի վերադարձը․ Արամ Սարգսյան
Ապրիլ 7 19:44 2026

«Զորի Բալայան անունն ազգանունը  մեր այսօրվա, երեկվա և վաղվա Հայաստանի խորհրդանիշներից մեկն է։Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը։

Նա ընդգծեց, որ Զորի Բալայանը հատկապես Արցախյան շարժման ժամանակ շատ բան է արել, որը դեռ գնահատված չէ։

«Սիլվա Կապուտիկյանի հետ միասին իրենք դարձան այդ օրվա, այսպես կարող եմ ասեմ, հերոսները, որովհետև ազգային ազատագրական պայքարն արթնացավ հենց այդ օրերին։ Նրանք այն մտավորականների շարքից էին, որոնք կարողացան համախմբել նաև ամբողջ ժողովուրդը։ Դա  արդեն ազգային ինքնության զարթոնք էր։ Զորի Բալայանը և ես եղել ենք կոլեգաներ, աշխատել ենք Խորհրդային Միության տարիներին, որպես սեփական թղթակից»,- ասաց Սարգսյանը։

Նա նշեց, որ մտավորականները կարողացան արթնացնել  ազգին և Զորի Բալայանը շարունակեց այդ գործը։

«Հիմա Արցախի կորուստը․․․ շատ ցավում եմ, որ Զորի Հայկովիչը, իրոք, այս  պահին գնաց, ինքը պետք է տեսներ իր հայրենիքի վերադարձը։  Մենք պիտի շարունակենք այդ գործը։ Ես գտնում եմ, որ արցախցիները պետք է  վերադարձի իրավունքն անպայման իրականացնել»,- ասաց քաղաքական գործիչը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ մահացել է գրող, հրապարակախոս, հասարակական և քաղաքական գործիչ, բժիշկ, Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատ Զորի Բալայանը։