Սյունիքի մարզի բնակավայրերում հավաքել են զենքերը


Սյունիքի մարզի բնակավայրերում հավաքել են զենքերը
Օգոստոս 19 21:55 2022

Մեր տեղեկություններով՝ նախքան Բերձորի և Աղավնոյի հայաթափման գործողությունները, Սյունիքի մարզի բնակավայրերում հավաքել են զենքերը, գրում է Lragir.am-ը։  Ըստ շրջանառվող կարծիքի՝ դա արվել է, որպեսզի բնակչությունը հնարավոր դիմադրություն չցուցաբերի այդ գործողություներին։ 

Լրատվամիջոցը նշում է՝ բնակիչներին, սակայն, այդ որոշումը հիմնավորել են նրանով, որ զենքերը զինանոց են տեղափոխում ընդամենը։ Սյունիքի մարզի Արավուս համայնքի նախկին վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանը լրատվականի հետ զրույցում հաստատել է, որ իր զենքը վերցրել են։ 

«Ես կարող եմ իմ անունից ասել, որ իմ զենքը վերցրել են։ Ես երեք պատերազմի ակտիվ մասնակից եմ, 30 տարվա հրամանատար, իմ զենքը վերցրել են»,- ասել է Արգամ Հովսեփյանը։ 

Լրատվամիջոցը նշում է, որ Սյունիքի այլ համայնքներից ևս հաստատեցին այս տեղեկությունը։ 

Ըստ Արգամ Հովսեփյանի՝ Բերձորի և Աղավնոյի հայաթափումը վերջին զիջումը չէ։ «Ինչքան տաս, էնքան ախորժակը բացվելու է, երևի Ալիևի հայտարարություններին հետևում եք, մարդն ասում է՝ Զանգեզուրը մերն է, Երևանը մերն է։ Արավուսի հողերից 64 հեկտարը հիմա թուրքի ձեռքին ա, մեր գյուղի հողը խի՞ պիտի հիմա թուրքի ձեռքին լինի»,- նշել է նա։ 

Արգամ Հովսեփյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում ոչ թե պետք է հանձնվել, այլ դիմակայել։ «Մեզ էս աստիճանի ծնկի են բերում, մարդիկ իրենց տները վառում ու դուրս են գալիս Բերձորից ու Աղավնոյից, դա ճի՞շտ է։ Ո՞նց կարելի է առանց պատերազմի ըտենց բան անել։ Երևի պատմության մեջ ես այսպիսի բան չեմ լսել, մենք շոկի մեջ ենք ուղղակի։ Եթե ուզում են դիմակայել, զենքը տալիս են լավ կռվող տղերքին ու ասում՝ պահեք Լաչինը։ Մենք պատրաստ ենք պահել, կռվող տղերքին ինչո՞ւ են կոտրում»,- ասել է նա։



loading...