Դատախազություն կքննարկի՝ հղի կնոջը վրաերթի ենթարկած Փաշինյանի ավտոշարասյան վարորդ- մայորին չկալանավորելու որոշումը բողոքարկելու հարցը


Դատախազություն կքննարկի՝ հղի կնոջը վրաերթի ենթարկած Փաշինյանի ավտոշարասյան վարորդ- մայորին չկալանավորելու որոշումը բողոքարկելու հարցը
Մայիս 13 15:20 2022

Դատախազությունը կքննարկի Լեո-Պարոնյան ավտոճանապարհին հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի՝ մահվան ելքով վրաերթի գործով մեղադրյալ ՃՈ ծառայող Արամ Նավասարդյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու հարցը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազությունից։ 

 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ողբերգական դեպքը տեղի է ունեցել ապրիլի 26-ին՝ Լեո-Պարոնյան փողոցների հատվածում: Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող ՃՈ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հղի կնոջը, ապա, ըստ, ականատես վկաների՝ չի կանգնեցրել մեքենան՝ հեռանալով դեպքի վայրից: ՔԿ-ն, եւս, ի սկզբանե հայտարարել էր, որ վրաերթից հետո վարորդը հեռացել է ու միայն 2 ժամ անց վերադարձել։ Այդուհանդերձ՝ՃՈ մայոր Արամ Նավասարդյանին մեղադրանք էր առաջադրել միայն ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մահվան ելքով վրաերթի համար, իսկ դեպքի վայրը լքելու դրվագով՝ ոչ: Հետագայում, գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը ցուցում է տվել՝ լրացնել մեղադրանքը՝ մեղադրանք առաջադրելով նաև ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված կարգով որոշում կայացնել մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն հարուցելու մասին: Քննիչը նախ առարկել էր, ապա ստիպված կատարել դատախազի ցուցումը, քանի որ առարկությունները մերժվել էին։

Նավասարդյանի մեղադրանքը լրացվել է և կալանավորման միջնորդություն ներկայացվել դատարան։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժել է Նավասարդյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը։

ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ դատական ակտն ստանալուց, հիմքերին ու պատճառաբանություններին ծանոթանալուց հետո որոշում կկայացվի՝ վերաքննիչ բողոք կներկայացվի, թե ոչ, սակայն ամենայն հավանականությամբ՝ բողոք կներկայացվի։

 

Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին՝ ժամը 18.05-ի սահմաններում, Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում Նիկոլ Փաշինյանի կառավարական ավտոշարասյան մեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել 28 տարեկան երիտասարդ հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանին, որը տեղափոխվել էր «Նաիրի» հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։ Չի հաջողվել փրկել նաեւ պտղի կյանքը։ Ականատես վկան լրագրողներին հայտնել էր, որ վրաերթից հետո շարասյունը հեռացել է, չի կանգնել՝ տուժածին օգնություն ցույց տալու համար։ Ավելի ուշ նաեւ ՔԿ-ն էր պաշտոնապես հաստատել, որ վրաերթից հետո նշված ավտոմեքենայի վարորդը դեպքից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ վարորդը դեպքի վայր է վերադարձել ժամը 20:05-ին՝ այսինքն՝ դեպքից մոտ երկու ժամ հետո, երբ այդ մասին արդեն հայտնի էր դարձել մամուլին, ու մասնակցել կատարվող քննչական գործողություններին։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածի 1-ին մասով, որի շրջանակներում ձերբակալվել է վաշտի հրամանատարը, ապա նույն քննիչի որոշմամբ ազատ արձակվել՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառելով ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

 

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

 

Աղբյուր` Փաստինֆո

 

 

 

 

 

 



loading...