ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի ուղեկցությամբ, այցելել է Կոտայքի մարզում ծառայության ընթացքում վնասվածք ստացած պարեկային ծառայողին։
ՆԳ նախարության հաղորդմամբ, նախարար Սարգսյանը հետաքրքրվել է նրա առողջական վիճակով և բուժման ընթացքով։ Բուժանձնակազմը՝ Արմեն Մուրադյանի գլխավորությամբ, նախարարին ներկայացրել է պարեկային ծառայողի առողջական վիճակի և բուժման ընթացքի վերաբերյալ տեղեկություններ։
Արփինե Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրվածության համար, պարեկային ծառայողին մաղթել է շուտափույթ ապաքինում։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 5-ին՝ ժամը 1:35-ի սահմաններում, Պարեկային ծառայության կարգախմբերից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզում պարեկները հայտնաբերել են իրավախախտ վարորդի, որը, վարելով «Հյունդայի» մեքենան, չի ենթարկվել պարեկների «կանգառ» ազդանշանին, ապա մեքենայից հրազենով կրակոցներ է արձակվել, ինչի հետևանքով պարեկային 2 ծառայող վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ, ծառայողներից մեկը՝ ստանալով բուժօգնություն, դուրս է գրվել բժշկական կենտրոնից։ Նախնական տվյալներով՝ ծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:











