«Կյանք ու կռիվ»-ը ներկայացված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնին


«Կյանք ու կռիվ»-ը ներկայացված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնին
Հուլիս 9 20:45 2017

Արվեստասերների դատին 2016 թվականին հանձնված «Կյանք ու կռիվ» կինոնկարի առաջին մասն ներկայացված է հունիսի 9-ին մեկնարկող «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի Հայկական համայնապատկեր ազգային մրցույթում: Ֆիլմի մասին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին դերասաններն ու ֆիլմի պրոդյուսերը:

«Կյանք ու կռիվ»-ը պատմում է մեր երկրի, քաղաքի այն տարիների մասին, երբ մենք հայտնվեցինք մի ժամանակահատվածում, երբ մի տեսակի երկիրը այլ երկրի վերածվեց, այն արժեքները, որոնք տարիներ շարունակ մեզ սովորեցնում էին բուհերում մեկ օրվա մեջ վերացան: Արել ենք ամեն բան, որ կինոնկարը լինի պարզ և արդար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ֆիլմի պրոդյուսեր Կարեն Ղազարանը:

Նրա խոսքով` նկարահանումների բարդությունն այն էր, որ անհրաժեշտ էր վերարտադրել իննսունական թվականները: «Պետք էր համապատասխան միջավայր, տրանսպորտի տեսակներ և ընդհանուր այդ ժամանակներին մոտ մթնոլորտ ստեղծել, որի համար կիրառվել է նաև համակարգչային գրաֆիկա»,- շեշտեց նա:

Ֆիլմի երկրորդ մասում նկարահանված տաղանդաշատ դերասանուհի Նարինե Գրիգորյանն ասաց, որ «Կյանք ու կռիվ»-ի հաջողության մեծագույն ապացույցը նաև այն էր, որ մարդիկ ֆիլմից բազմաթիվ բառակապակցություններ սկսեցին օգտագործել: «Դա ինձ ուրախացրեց, ու հիանալի է, որ կինոն նման ազդեցություն ունեցավ»,- ընդգծեց Գրիգորյանը: Նա հավեցեց, որ դերասանները չեն իմացել տեխնիկական դժվարությունների մասին, ու բոլորը լիարժեք են արել իրենց գործը. կար պատասխանատվութան խոր զգացում ու շատ լուրջ մոտեցում:

Գլխավոր դերակատար Սամվել Թադևոսյանն ասաց, որ շատ է կարևորում ռեժիսորի հետ աշխատանքը, նրա համարձակությունը: «Լավ է, երբ կողքիդ ամուր հենարան կա: Չվախենալը, համագործակցելու կարողությունը, լսելու հատկությունը օգնում են գործի արդյունավետությանը: Այդ ամենի միջոցով մենք լավ տեսարաններ ենք ստացել»,-շեշտեց նա:

Դերասանն ասաց, որ հաճախ է վերանայում ֆիլմի կադրերը ու կան տեսարաններ, որ կցանկանար այլ կերպ խաղալ: Ֆիլմն արժանացել է Հայաստանի կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակի՝ որպես տարվա լավագույն ֆիլմ:

Նույն մրցույթում տարվա լավագույն դերասան է համարվել Սամվել Թադևոսյանը, իսկ լավագույն օպերատոր` Վահագն Տեր- Հակոբյանը: Ֆիլմի հերոսները դպրոցական տարիների չորս ընկերներ են` Տիգրանը, Լևոնը, Արմենն ու Էդուարդը: Երկուսին ճակատագիրը տանում է Արցախ, որտեղ նրանք մասնակցում են պատերազմին` հերոսաբար պաշտպանելով հայրենի հողը:

Պատերազմի և սիրո թեմաները զուգահեռաբար են զարգանում ֆիլմում: Կինոժապավենի ռեժիսորը Մհեր Մկրտչյանն է: