Վարդան Ղուկասյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, հայտնել է նրա պաշտպան Արամայիս Հայրապետյանը։
«2025 թվականի հոկտեմբերի 29-ին պաշտպանական խումբը ստացել է նույն օրով՝ 2025 թվականի հոկտեմբերի 21-ով թվագրված վարույթն իրականացնող մարմնի որոշում՝ Վարդան Ղուկասյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցների՝ բացակայելու արգելքի հետ համակցված պաշտոնավարման կասեցում կիրառելու վերաբերյալ»,– հայտնել է Ղուկասյանի մյուս պաշտպանը` Առնոլդ Վարդանյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ղուկասյանի փաստաբանական խումբը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ որոշում է կայացվել նոր քրեական հետապնդում հարուցելու մասին՝ դեռևս 2025 թվականի սեպտեմբերի 16-ին և 23-ին, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կողմից ՀՀ հակակոռուպցիոն դատարանի բակում՝ Հայաստանի այլ երկրների հետ միություն կազմելու վերաբերյալ իր մտքերի համար՝ դրանք «որակելով» որպես Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչ (ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով)։








