ԱԺ-ն այսօր՝ հունիսի 4-ին, առաջին ընթերցմամբ ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 77 պատգամավոր, դեմ՝ 3:
Նշենք, որ կառավարության այս օրինագծով նախատեսվում է 2017թ-ին Սեւանա լճից օրենքով սահմանված 170 մլն խմ առավելագույն ջրառից բացի 100 միլիոն խմ լրացուցիչ ջուր բաց թողնել: Օրինագծի հարակից զեկուցող բնապահպանության նախկին նախարար, ԱԺ ՀՀԿ պատգամավոր Արամ Հարությունյանը համոզում էր, որ ջրառն անհրաժեշտություն է:
Եվ հենց այստեղ էլ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը հիշեցրեց Հարությունյանի՝ Սևանի ափին գտնվող անօրինական առանձնատան մասին:
«Ջրօգտագործման ընկերությունները հանրային ռեսուրսից անօրինական փող են աշխատում, կան կոռուպցիոն ռիսկեր: Շորժա գյուղից դեպի Արտանիշ արգելոց տանող ճանապարհին՝ լճի ափից մի քիչ հեռու կա մի առանձնատուն, որը գյուղացիների վկայությամբ պատկանում է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին: Բետոնե հիմքի վրա կառուցված շինությունը գտնվում է 1900 մ. նիշի վրա, մինչդեռ 1903 մետրը այն նիշն է ցամաքի վրա, որից դեպի ջուրը տանող տարածքը պետք է ազատ լինի ջրի տակ անցնելու համար: Այս կառուցապատումը ժամանակին օրենքի կոպիտ խախտմամբ է եղել, հիմա էլ պարզ է, որ Սևանի ջրառի վերաբերյալ հարակից զեկուցողի ցանկացած պնդում վստահություն չի ներշնչում»,-հայտարարեց Նազարյանը:
Պատգամավորը նաև իր ֆեյսբուքայն էջում լուսանկարներ է հրապարակել:
Armday.am-ը որոշել է ուսումնասիրել նախկին նախարարի ունեցվածքը, և ահա, կարող ենք նշել, որ նա ահռելի կարողության տեր է: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրից պարզ է դառնում, որ Հարությունյանն ունի 14 հողամաս, 2 բնակարան, 1 ավտոտնակ, հասարակական նշանակության 2 շինություն:
Պատգանավորի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Հարությունյանի դրամական միջոցները կազմել են 1,270,000 ԱՄՆ դոլար և 555 եվրո:
Նրա տարեկան եկամուտը կազմում է 46,499,000 դրամ, որը գոյացել է վարձակալության դիմացծ ստացված վճարից, տրված փոխառությունների դիմաց ստացված հատուցումից, ինչպես նաև շահաբաժնից: