Ժաննա Անդրեասյանն ու Աննա Հակոբյանը դիպլոմներ են շնորհել մագիստրոսական ծրագրի 11 շրջանավարտի


Ժաննա Անդրեասյանն ու Աննա Հակոբյանը դիպլոմներ են շնորհել մագիստրոսական ծրագրի 11 շրջանավարտի
Հուլիս 4 14:24 2025

«Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի երկրորդ շրջանավարտները ստացել են ավարտական դիպլոմները. հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

 

Միջոցառմանը մասնակցել և շրջանավարտներին դիպլոմները հանձնել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Բաձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, գիտական համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև սեպտեմբերից «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի երրորդ շրջափուլը մեկնարկող ուսանողներ:

 

Միջոցառման ընթացքում «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի և Երևանի պետական համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: Այն ստորագրել են հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանն ու ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:

 

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է կարևոր ծրագրի հերթական շրջափուլի ավարտի կապակցությամբ. «Օրերս Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագիծը, որն առաջին հերթին համագործակցության մասին է։ Այսօր ականատես ենք լինում, թե ինչպես հիմնադրամը և համալսարանը համագործակցաբար շարունակելու են երեք տարի առաջ մեկնարկած կարևոր աշխատանքը։ Համագործակցությունն է, որ բարձրագույն կրթության և գիտության ոլորտում նաև որակական փոփոխություններ է բերելու»:

 

Ժաննա Անդրեասյանը համոզմունք է հայտնել՝ պետական քաղաքականությունը երիտասարդներին պետք է ուղղորդի դեպի գիտություն ու բարձրագույն կրթություն՝ որպես դասախոսներ և գիտաշխատողներ. «Հուսով եմ՝ շարունակական հաջողությունները նաև ոգևորելու են մյուս սերունդներին՝ առաջ գնալու, դժվարություններից չընկրկելու և իրենց հաջողություններով ապացուցելու, որ ամեն ինչ հնարավոր է, եթե ջանք ես ներդնում և ունես ցանկություն»,- ասել է նախարարն ու շնորհակալություն հայտնել ծրագրի իրականացման համար:

 

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը ևս ողջունել է շրջանավարտներին և շնորհավորել շրջափուլի ավարտի առթիվ. «Հուսով եմ՝ ծրագրի շնորհիվ կկարողանանք վերացնել սահմանները համայնքների միջև` ստեղծելով համագործակցության և փոխհարաբերման նոր մշակույթ: Որքան էլ ջանքեր գործադրեր հիմնադրամը և փորձեր այս ծրագիրը միայնակ իրականացնել, այն չէր հասնի այս արդյունքներին՝ առանց գիտական համայնքի աջակցության»:

 

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը դիպլոմներ են շնորհել մագիստրոսական ծրագրի 11 շրջանավարտի: Միջոցառման ընթացքում ելույթներ են ունեցել նաև ծրագրի հայաստանաբնակ և հրավիրյալ դասախոսները: