Այսօր Աբգարիս ծնունդը նշեցինք Կիրանցում, իրեն գրկելու փոխարեն Խաչքարը գրկեցինք. Գեղամ Նազարյան


Այսօր Աբգարիս ծնունդը նշեցինք Կիրանցում, իրեն գրկելու փոխարեն Խաչքարը գրկեցինք. Գեղամ Նազարյան
Փետրվար 4 20:38 2022

Այսօր Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, Կարախանբեյլի գյուղի առաջնային դիրքերից մեկում՝ ԱԹՍ-ի հարվածից զոհված Աբգար Նազարյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 20 տարեկան։

Աբգար Նազարյանը ծնվել է Երևանում։ Սովորել է Երևանի Գրիգոր Զոհրապի անվան թիվ 43 դպրոցում, 2020-ին ավարտել Ավետիք Իսահակյանի անվան ավագ դպրոցը։ 2020 թվականին ընդունվել է Հայաստանի Ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, որից հետո զորակոչվել բանակ։

Ծառայությունն անցել է Հադրութում։ Ընդգրկվել է ուսումնական գումարտակի դիպուկահարների դասակում։

 

Պատերազմի առաջին ժամերից մասնակցել է մարտական գործողություններին՝ դիպուկահարի իր զենքով թշնամուն պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստներ։

Աբգար Նազարյանը 2021 թվականին հունվարի 8-ին հուղարկավորվել է Տավուշի մարզի Կիրանց գյուղում։

Հետմահու պարգևատրվել է մի շարք շքանշաններով, այդ թվում՝ «Մարտական ծառայության» մեդալով։

Աբգար Նազարյանի և ևս յոթ նահատակների հիշատակին խաչքար է տեղադրվել Երևանի Նոր Արեշ թաղամասի այն բակում, որտեղ ծնվել և մեծացել է։ Նրա պատկերով հուշատախտակ է տեղադրված Կիրանցի հերոսների հուշահամալիրում։

Աբգարի հայրը՝ Գեղամ Նազարյանը գրել է.  «Աբգարս ժպտում էր, ծիծաղում, երբ ֆեյսբուքով մայրը կամ հայրը երեխայի ծնունդն էր շնորհավորում կամ երեխան՝ ծնողների։ Հիմա ուզում եմ գրել՝ Աբգար ջան, ծնունդդ շնորհավոր, բայց վախենում եմ, որ հիմա էլ իմ վրա կծիծաղի։

 

Եւ այնուամենայնիվ, շնորհավորում եմ իմ քսան տարեկան հերոս։

Եթե չլինեին մարդակեր հրեշները, այսօր ընտանիքով Հադրութում կլինեինք կամ Աբգարս արձակուրդ կվերցներ եւ տանը կլիներ։

Այսօր Աբգարիս ծնունդը նշեցինք Կիրանցում, բարձացանք շիրիմի մոտ, իրեն գրկելու փոխարեն Խաչքարը գրկեցինք։

Աբգարս, գիտեք, նվերներ հանձնել շատ է սիրում եւ նույնիսկ ստանալ։ Այսօր Աբգարիս անունից կիրանցեցի երեխաներին ֆուտբոլային համազգեստներ եւ գնդակներ հանձնեցինք։

Եւ այնուամենայնիվ կարոտից խելագարվում եմ։

Ծնունդդ շնորհավոր իմ անսահման խիզախ ու հերոս տղա։ Համբուրում եմ։

Հ.Գ. Աբգար ջան, գիտեմ կարդում ես։ Չծիծաղես։ Մտքով եմ շնորհավորում, բարձրաձայն եւ այսպես։ Ուզում եմ հասկանաս, որ անսահման եմ սիրում ու անելու եմ այնպես ինչպես դուք եք ուզում։ Ներողություն, որ աշխարհի առաջ, այսպես էլ շնորհավորեցի»։