Նման որոշում կայացնելիք մեծ զգուշություն պետք է ցուցաբերել. շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների անվճար բուժումը նախ եւ առաջ սահմանված է «Բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում, հետեւաբար, իրավական որոշակի խնդիրներ կառաջանան: Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց առողջապահության փորձագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը՝ անդրադառնալով դեկտեմբերից չպատվաստված քաղաքացիների՝ կորոնավիրուսի դեմ բուժումը վճարովի դարձնելու հնարավոր որոշմանը:
«Անվճար բուժսպասարկման ապահովումն իր տրամաբանությունն ունի՝ եթե մարդուն դու անվճար չես բուժում, եւ նա չի կարող իր հաշվին բուժվել, նա դուրս է մնալու առողջապահական համակարգից եւ շարունակելու է տարածել հանրային վտանգավորություն ունեցող հիվանդությունը: Երրորդը՝ կորոնավիրուսը ծանր հիվանդություն է, եթե քաղաքացին բուժվելու համար բավարար գումար չունի, ստիպված ինքնաբուժությամբ է զբաղվելու: Եթե մարդը գումար չունի, չի գնում հիվանդանոց եւ բուժում չի ստանում, շարունակելու է վարակը տարածել, չի ստացվելու նրան վաղ փուլում հայտնաբերել եւ մեկուսացնել: Առանց այդ էլ հիմա նույնպես ունենք ինքնաբուժության եւ ուշացման պատճառով ծանր հետեւանքներ, եւ նման որոշումը, հնարավոր է, էլ ավելի խորացնի այս խնդիրը: Ի վերջո, բոլորն էլ մեր հասարակության անդամ են, չի կարելի մարդկանց տարանջատել իրարից, անընդունելի է ասել՝ դե, գիտեք ինչ, դուք չեք պատվաստվել, դրա համար ձեզ չենք բուժի, դա հասարակությաւն լավ մոդել չի: Եվ երրորդը՝ եթե մարդը ինչ-որ փուլում, վիճակի բարդացումից ելնելով, դիմի բուժհաստատություն, այդ ժամանակ վերջիններն են խնդիրների առջեւ կանգնելու՝ ստիպված հոսպիտալացնելու են հիվանդներին, որովհետեւ ծանր հիվանդին մերժել հնարավոր չէ, հետո ընկնելու են քաշքշուկների մեջ՝ դատարան, փող ստանալ, կամ բուժման ծախսը մնալու է բուժհաստատության վրա: Դրա համար նման որոշում պետք է շատ կշռադատված կայացնել, որ հակառակ ազդեցությունը չունենա»,- նկատեց փորձագետը:
Նախօրեին NEWS.am-ի հետ զրույցում Առողջապահության նախարարի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ բուժման արժեքը կարող է կազմել շուրջ 800 000 հազար դրամ՝ կախված հիվանդության թեթեւ կամ ծանր ընթացքից եւ, դրանից ելնելով, բուժման ծավալներից: Փորձագետը նկատում է՝ մեր երկրում առկա պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ՀՀ քաղաքացիների 71%-ը չի կարող իրեն 45 000 դրամից ավելի չնախատեսված ծախս թույլ տալ առանց պարտք անելու:
«Հիմա ի՞նչ տրամաբանությամբ պետք է մարդը 800 000 դրամի ծախս կատարի: Մարդիկ հեքիմների, սնխչիների մոտ են գնալու բուժվելու, ապա ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխվելու»,- նկատում է փորձագետը:
Որ հարցի լուծումը պատվաստումն է՝ Մելիք-Նուբարյանը կասկած չունի, բայց, կարծում է, պետությունը պետք է վերանայի մարդկանց հետ հաղորդակցվելու մոտեցումները՝ դրանք ավելի անմիջական՝ դեմ առ դեմ շփումների դաշտ տեղափոխելով:
«Պետք է ներգրավվեն հասարակության այն ներկայացուցիչներին, որոնք մարդկանց մոտ քիչ թե շատ վստահություն են վայելում՝ մտավորականներ, արվեստի գործիչներ, համայնքներում հեղինակություն վայելող մարդիկ, Եկեղեցին շատ մեծ դեր կարող է խաղալ՝ ես չգիտեմ՝ արդյո՞ք հանդիպում եղել է եկեղեցականների հետ այս հարցով, ի՞նչ դիրքորոշում ունեն նրանք: Պետք է մարդկանց մոտիվացնել պատվաստման հարցում»,- նկատում է փորձագետը: