«Բաղնիքի Արման»-ին դանակահարել են․ նոր մանրամասներ Ամիրյան փողոցում հնչած կրակոցներից


«Բաղնիքի Արման»-ին դանակահարել են․ նոր մանրամասներ Ամիրյան փողոցում հնչած կրակոցներից
Հուլիս 19 15:35 2021

Երևանի կենտրոնում, Ամիրյան փողոցում հնչած կրակոցների վերաբերյալ Irakanum.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Քաղաքի կենտրոնում, մարդաշատ վայրում կրակոցներ արձակողը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով պատգամավոր ընտրված, գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է՝ Ռոբերտ Սուքիասյանը։ Մենք տեղեկացանք, որ վերջինս մի խումբ անձանց հետ, որոնց մեջ եղել է նաեւ Արեշի «Բաղնիքի Արման» մականունով հայտնի Արման Ապիյանը, ինչպես նաեւ մի քանի այլ քաղաքացիներ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են երկու այլ քաղաքացիների հետ։ Խոսքը Նարեկ Կարապետյանի և Հարութ Աբգարյանի մասին է։ Վերջինս նաև ԱՄՆ քաղաքացի է։

Ըստ քննչական կոմիտեի հաղորդագրության  2021թ. հուլիսի 18-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ամիրյան 18 հասցեում կրակոցներ են: Նույն օրը հաղորդում է ստացվել նաև «Արմենիա» բժշկական կենտրոնից այն մասին, որ ոտքի շրջանի հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի՝ ծնված 1979թ.։

 
 

Բացի հրազենային վիրավորում ստացած քաղաքացուց, կա նաեւ դանակահարված։ Մեր տեղեկություններով դանակահարվածը «Բաղնիքի Արմանն» է։

Irakanum.am-ը քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանից փորձեց պարզել, թե արդյո՞ք եղել են հարցաքննվածներ։ Թադևոսյանն ասաց, թե այո, բայց անուններ չհրապարակեց, հայտարարելով թե ընթանում է նախաքննություն։ Նույն պատասխանը տվեց նաեւ մեր այն հարցի վերաբերյալ, թե արդյո՞ք հարցաքննվել է Խաչատուր Սուքիասյանի եղբայրը։

 

Հավելենք, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժնում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Irakanum.am



loading...