Ավելի քան 4.8 մլրդ դրամ, 2 մլն դոլար, 22 թանկարժեք նկար, 37 շենք- շինություն և հողամաս. Խաչատուր Սուքիասյանի հայտարարագիրը


Ավելի քան 4.8 մլրդ դրամ, 2 մլն դոլար, 22 թանկարժեք նկար, 37 շենք- շինություն և հողամաս. Խաչատուր Սուքիասյանի հայտարարագիրը
Հունիս 14 14:40 2021

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Խաչատուր Սուքիասյանի հայտարարագիրը։

Ո՞վ է Խաչատուր Սուքիասյանը

Ծնվել է 1961թ. սեպտեմբերի 15-ին Երեւանում:

1985թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Ճարտարագետ-սիստեմատեխնիկ: Ինֆորմատիկայի միջազգային ակադեմիայի թղթակից անդամ: 1978-1989թթ. «Սիրիուս» գործարանում աշխատել է բանվոր, փականագործ, արտադրամասի պետ, տնօրեն: 1991թ. եղել է «Վան» գործարանի տնօրեն, 1992-1994թթ.՝ ՀՀ արդյունաբերության նախարարության տնտեսական կապերի գլխավոր վարչության պետ, նախարարի խորհրդական, 1995-1999թթ.՝ «ՍԻԼ կոնցեռն» ՍՊԸ նախագահ:

1999-2003թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 12 ընտրատարածք): Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում եւ պատգամավորական խմբերում չի ընդգրկվել:

2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 15 ընտրատարածք): Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում եւ պատգամավորական խմբում չի ընդգրկվել:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 10 ընտրատարածքից:

ՀՀ 2008 թվականի ընտրություններին սատարել է նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի համաժողովրդական շարժմանը։ Եվ 2008 թվականի մարտի 4-ին ՀՀ Ազգային ժողովի համաձայնությամբ ներգրավվել էր որպես մեղադրյալ «Մարտի 1-ի» գործով։

2009 թվականին հրաժարական է տվել և վայր դրել ԱԺ պատգամավորական մանդատը։
2018 թվականին սատարել է Նիկոլ Փաշինյանի համաժողովրդական շարժմանը։

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Ունեցվածքը

Սուքիասյանն հայտարարագրել է 37 շենք -շինություն, հողամաս, որոնց մեջ կա 1 կաթսայատուն, 1 գործարան, 1 բազա, 3 ինքնակամ շինություն։ Որպես թանկարժեք գույք նա հայտարարագրել է 22 նկար, որոնցից 2-ը Մարտիրոս Սարյանի գեղանկերներն են, 4-ը՝ Գրիգոր Խանջյանինը, 3-ը՝ Մինասինը, 1-ը՝ Կոնջոյանինը, 5-ը՝ Գարուինը։

Միաժամանակ, հայտարարագրել է 1 հնաոճ տնային ժամացույց, 5 հնաոճ ձեռագործ գորգ, 1 հնաոճ կահույք։

Եկամուտներ բաժնում նա հայտարարագրել է «Հայէկոնոմբանկի» շահաբաժնից ստացած ավելի քան 57.3 մլն դրամի եկամուտը, «Նարեկ» ՍՊԸ-ի շահաբաժնից ստացված 24.5 մլն դրամի եկամուտը, Տիգրան Մեծ և Նար-Դոսի փողոցներում գտնվող շենքերի վարձակալությունից ստացած, համապատասխանաբար, 31.9 մլն դրամի և 1.1 մլն դրամի եկամուտները, «Սիլ կոնցեռնից» ստացած ավելի քան 12.4 մլն դրամի աշխատավարձը, «Պոլիպլաստ» գործարանի փոխառությունից ստացած 112.4 մլն դրամի եկամուտը։

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են ավելի քան 4.8 մլրդ դրամ, 185 հազար եվրո և ավելի քան 2 մլն դոլար։

«Արժեթղթեր և ներդրում» բաժնում նա հայտարարագրել է «Հայէկոնոմբանկի» հասարակ բաժնետոմսերի 12.02 տոկոսը և արտոնյալ բաժնետոմսերի՝ 5.75 տոկոսը, «Սիլ ինշուրանսի» բաժնետոմսերի 25 տոկոսը, «Նարեկ» ՍՊԸ-ի բաժնետոմսերի 25 տոկոսը, «Սիլ կոնցեռնի» բաժնետոմսերի ավելի քան 24.9 տոկոսը, «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ը 24.9 տոկոսը, Երևանի «Զովք» գործարան ՀՁ ԲԲԸ-ի բաժնետոմսերի 16 տոկոսը, «Բջնի գուրպի» 20 տոկոս, «Ինլոբբի» ՍՊԸ-ի 90 տոկոսը, «Գլոբալ Մայնինգ» ՍՊԸ-ի 100 տոկոս, Երևանի «Պոլիպլաստ» ՍՊԸ-ի 45.17 տոկոսը, «Առաջ» ՍՊԸ-ի 25 տոկոս բաժնետոմսերը։