Ռազմարդյունաբերությունը Հայաստանում մեծ պոտենցիալ ունի. Մհեր Տերտերյան (տեսանյութ)


Ռազմարդյունաբերությունը Հայաստանում մեծ պոտենցիալ ունի. Մհեր Տերտերյան (տեսանյութ)
Մայիս 3 21:48 2021

Տարիներ շարունակ մենք պաշտպանական բանակ ենք կառուցել, իսկ մեր թշնամին իր առջև այլ խնդիր էր դրել. Պատրաստվել այս պատերազմին։ «Հատման կետ Փայլակ Ֆահրադյանի հետ» հաղորդման շրջանակում նման կարծիք հայտնեց «Միասնական Հայրենիք» կուսակցության առաջնորդ Մհեր Տերտերյանը։

«Թե ինչ բանակ կունենա երկիրը, որոշում է իշխանությունը, այսինքն՝ բանակի տեսակը պատվեր է՝ իջեցված իշխանության կողմից, իսկ 27 տարի շարունակ մենք ստեղծել ենք պաշտպանական բանակ՝ իր անվանումով ու տեսակով։ 27 տարի մենք ինժեներական աշխատանքներ ենք կատարել, խրամատ ենք կառուցել, ու այդ աշխատանքը դեռ ավարտված չէր, երբ պատերազմը սկսեց։ Իսկ մեր թշնամին այդ ընթացքում իր առջև դրել է այլ խնդիր ու պատրաստվել է այս պատերազմին՝ ձեռք բերելով նոր զինատեսակներ և արդիականացնելով բանակը»,-նշեց Տերտերյանը։

 Վերջինս նշեց, որ սա, ըստ երևույթին, սուղ միջոցների հետեանք է, այսինքն՝ պետությունը հարմարվել է եղած հնարավորություններին. «Եթե խոսենք այլաբանորեն, ապա մենք փորձել ենք ոչ թե նոր հագուստ գնել, այլ հինը ձևափոխենք ու հարմարեցնենք մեզ։ Այս պատերազմը մեզ համար դաս էր և լավ ուսանողը, եթե քննությունից կտրվում է, պետք է տնային աշխատանքներ անի, սովորի, ինքնակրթվի ու պատրաստվի հաջորդին»։

Մհեր Տերտերյանը նաև նկատեց, որ Հայաստանտ տարիներ շարունակ պատրաստվել է 4-րդ սերնդի պատերազմի, մինչդեռ եղավ 5-րդ սերնդի պատերազմ՝ 6-րդ սերնդի պատերազմի էլեմենտներով։

«Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդը նաև ընդգծեց, որ ռազմարդյունաբերությունը Հայաստանում մեծ պոտենցիալ ունի և պետք է աշխատանք տանել այդ ուղղությամբ.
«Իշխանությունն այսօր ասում է՝ ռազմարդյունաբերությունը ՀՀ-ում պետք է զարգանա, բայց որևէ ներդրում դրանում չեն անում։ Առհասարակ մեր երկիրը պետք է երկարաժամկետ ռազմավարություն ունենա, և յուրաքանչյուր Կառավարության ծրագիր պետք է գնահատվի այդ ռազմավարության իրականացման տեսանկյունից։ Երբ խոսում ենք 40-50 տարվա ռազմավարության մասին, գուցե շատերը մեզ պոպուլիզմի մեջ մեղադրեն, բայց պետք է հեռատես լինել և դնել կոնկրետ թիրախներ ու նպատակներ ու գնալ այդ ուղղությամբ»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։