Երևանի Արգիշտի փողոցի բնակիչներն ահազանգում են՝ կողք կողքի խիտ շարված շենքերի կողքին մեկն էլ են կառուցում։
Panorama.am-ի խմբագրություն քաղաքացին դիմել է՝ ահազանգելով, որ նոր կառուցված շենքերի կողքին նորից շենք են կառուցում։ Քաղաքացին դժգոհում են՝ աղմուկ է ու փոշի։
«Նոր կառուցված շենքերի կողքին կառուցվում է նորը։ Այս շենքի և 7/6 շենքերի միջև գտնվող ժայռի մոտ գտնվող մի փոքրիկ հողակտորի վրա կառուցում են «Արգիշտի Սուիթս» և «Ռեզիդենս» հյուրանոցները, և դա պարզապես զարհուրելի է։
Մեր տունը շինհրապարակից նույնիսկ 200 մետր հեռավորության վրա չէ։
Ժամը 9։00-ից մինչև 18։00-ն աղմուկ և փոշի է։ Լուսամուտները չեն բացվում։ Մենք խեղդվում ենք փոշու մեջ։ Քաղաքապետարանը պնդում է, որ շինարարության թույլտվություն կա։ Հետաքրքիր է՝ ի՞նչ կլինի տների հետ երկրաշարժի ժամանակ»,- panorama.am-ին ուղղված նամակում գրել է քաղաքացին։
Ընդգծենք, որ այս տարածքում ընթացող շինարարության հետ կապված թերևս սա միակ բողոքը կամ դժգոհությունը չէ։
Panorama.am -ի գլխավոր խմբագիր Անահիտ Ոսկանյանը ևս անդրադարձել էր խնդրին՝ գրելով․
«Որն է այն օրենքը, ըստ որի դուք կարող եք նման «կյանք» կազմակերպել հարյուրավոր բնակիչների համար
«Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality
Tigran Avinyan / Տիգրան Ավինյան
1. Ինչումն է եղել անհրաժեշտությունը Արգիշտի փողոցի բարձրահարկ շենքակույտերին ավելացնել ևս մեկը՝ իսպառ փակելով լույսի մուտքը դիմացի շենքեր
2. Որ շինարարական ընկերությունն է իրականացնում ավել ևս մեկ շենքի կառուցումը, ինչ հիմունքներով է ընտրվել
3. Որերորդ անգամ բարձրաձայնում ենք ամենօրյա, ամիսներ տևող, օրը 8-9 ժամ տևող շատ բարձր շինարարական աղմուկի մասին, ոչ մի արձագանք, ոչ մի վերահսկողությունմ այնինչ այս ահավոր աղմուկը ազդում է փոքրերի առօրյայի, քնի վրա, աշակերտ-ուսանողների ուսման որակի վրա, բնակիչների կյանքի որակի վրա՝ գլխացավեր, անհանգստություն, նյարդային բարձր ֆոն... Երևի շինարարական աղմուկի բարձրության մեջ չի՞ լսվում մեր ձայնը։
Որն է այն օրենքը, ըստ որի դուք կարող եք նման «կյանք» կազմակերպել հարյուրավոր բնակիչների համար։
4. Վերջին այս շենքը ևս կառուցվում է ձորի մոտակայքում, փորելիս բնակարանները դղրդում են. Ներկայացրեք խնդրեմ երկրաբանական-գեոդեզիստական եզրակացություն, որ նոր կառուցվող շենքը և նրա հարակից շենքերը կայուն են երկրաշարժերի նկատմամբ։
5. Դադարեցրեք այս ապօրինի շինարարությունը՝ այն ազդում է հարյուրավոր մարդկանց առողջության վրա։
Կից՝ ձեր կազմակերպած ամենօրյա «համերգը»»։