Ադրբեջանցիները թող մտածեն մեր տարածքների վերադարձի մասին. ԱՀ նախագահի խոսնակ


Ադրբեջանցիները թող մտածեն մեր տարածքների վերադարձի մասին. ԱՀ նախագահի խոսնակ
Ապրիլ 7 13:40 2021

Ադրբեջանցիները կարող են Ստեփանակերտում գրասենյակի տեղ փնտրել միայն քարտեզի վրա, սակայն ոչ իրական կյանքում: Այս մասին հայտարարել է ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը՝ «Արցախպրես»-ին մեկնաբանություն տալով Թուրալ Գանջալիևի այն հայտարարության առթիվ, թե առաջիկայում Ստեփանակերտում իրենց համայնքի գրասենյակն են բացելու։

 

«Դա ադրբեջանական կողմի հերթական հիվանդագին ցանկությունն է, որը ներկայացնում են որպես իրականություն: Այսպիսի էժանագին տեղեկատվական սպեկուլյացիաներով նրանք նպատակ ունեն իրենց հասարակությանը պահելու մոլորության մեջ և նյարդայնացնելու հայ հասարակությանը: Նրանք չեն կարող ոչ միայն գրասենյակ ունենալ Ստեփանակերտում, այլ նույնիսկ այցելել Ստեփանակերտ: Դրա փոխարեն թող մտածեն մեր բռնազավթված տարածքների վերադարձի մասին, որպեսզի հնարավոր լինի խոսել հակամարտության կարգավորման իրական հեռանկարների վերաբերյալ»,- նշել է Լուսինե Ավանեսյանը: