ՀՀ-ն մինչ օրս չի սկսել վակցինացիա, չունի վակցինացման ծրագիր և հաստատված մատակարարներ. Առողջապահական իրավունքի միջազգային կենտրոնի ղեկավար Սամվել Սողոմոնյան (տեսանյութ)


ՀՀ-ն մինչ օրս չի սկսել վակցինացիա, չունի վակցինացման ծրագիր և հաստատված մատակարարներ. Առողջապահական իրավունքի միջազգային կենտրոնի ղեկավար Սամվել Սողոմոնյան (տեսանյութ)
Մարտ 17 18:25 2021

«Գավի» հիմնադրամը գլոբալ ալյանս է, որն ունի հիմնականում մասնավոր դոնորներ, որի ամենամեծ ղեկավարը Բիլ Գեյթսն է: Հիմնադրամը բանակցում է վակցինա արտադրող ընկերությունների հետ՝ հնարավորինս մատչելի գնով մեծածավալ վակցինաներ է գնում և առաջարկում բոլոր այն երկրներին, որոնք «Գավի Ալյանս»-ի անդամ են, իսկ ՀՀ-ն այդ ալյանսի անդամ է: Այս մասին «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Բժիշկ- վիրաբույժ «Առողջապահական իրավունքի միջազգային կենտրոն»-ի ղեկավար Սամվել Սողոմոնյանը:

Նա նշեց, որ «Գավի Ալյանս»-ը հնարավորություն է տալիս ցածր եկամուտ ունեցող երկրներին հնարավորինս մատչելի գնով վակցինաներ գնել:

Բժշկի կարծիքով՝ ալյանսի հիմնական առաքելությունը կոնկրետ լծակներ ունենալն է՝ երկրների առողջապահական համակարգերի վրա ազդելու, որոշելու քաղաքականությունը, պատվաստանյութի ծրագրերը, գումարները տնօրինելու և կոնկրետ պատվաստանյութն առաջ տանելու համաշխարհային շուկայում. «Միշտ չէ, որ այն, ինչ տեղի է ունենում ալյանսի շուրջ բացատրելի և թափանցիկ է: Ես այստեղ խնդիրներ տեսնում եմ և կոչ անում լինել զգուշավոր «Գավի Ալյանս»-ի հետ հարաբերություններում»:

Լրագրողի դիտարկմանը, թե Հայաստանի Հանրապետական կուսակցության՝ Առողջապահության նախարարությանն արված հարցումից պարզ է դարձել, որ մինչև այս պահը ՀՀ-ում առկա է 1030 անձի համար պատվաստանյութ, որը տրամադրվել է որպես նվիրատվություն և մինչ այս պահը նախարարությունը չի կնքել պայմանագիր աշխարհում արդյունավետության ամենաբարձ ցուցիչով դասվող «Սպուտնիկ Վ» պատվաստանյութի  ձեռքբերման համար: Հարցին, թե ՀՀ-ն չունի որևէ պայմանագիր որևէ պատվաստանյութի ձեռքբերման համար և այս իրավիճակում ի՞նչ պետք անել, բժիշկը պատասխանեց, որ իրավիճակը բնորոշում է առողջապահության կառավարման՝ մասնավորապես Քովիդի համաճարակի դեմ պայքարի տապալված լինելը։

«ՀՀ-ն մինչ օրս չի սկսել վակցինացիա, չունի վակցինացման ծրագիր, չունի վակցինացիայի

հաստատված մատակարարներ, այն պարագայում, երբ ԱՄՆ-ում արդեն իսկ պատվաստված քաղաքացիների թիվը տասնյակ միլիոնների է, ՌԴ-ում յուրաքանչյուր օր պատվաստվում է մոտ 2 մլն մարդ: ՌԴ-ն ունի երեք պատվաստանյութ՝ «Սպուտնիկ Վ» առաջինը կիրառման դրված է և շատ լավ արդյունավետություն ցուցադրած, և Հայաստանը, ունենալով վակցինա արտադրող գործընկեր, ավելի քան 890 մլն դրամ վճարեց «Կովաքս» հիմնադրամին, որպեսզի հետագայում ունենա որևէ պատվաստանյութ»,– ասաց նա:

Սամվել Սողոմոնյանը նշեց, որ որքանով տեղյակ է պատվաստանյութի ընտրության հարցում ՀՀ-ն մեծ դերակատարում չունի, ուզենա էլ «Սպուտնիկ Վ» գնել չի կարող, որովհետև կպարզվի, որ «Կովաքս» Ալյանսը «Սպուտնիկ Վ» պարզապես ձեռք չի բերում, իսկ աշխարհի ավելի քան 50 երկիր արդեն գրանցել է «Սպուտնիկ Վ»-ն, որպես օֆիցիալ գրանցված պատվաստանյութ:

Սամվել Սողոմոնյանը նշեց, որ Հայաստանը 1000 մարդու համար ստացել է պատվաստանյութ և ներարկվել են առավելապես ռիսկի խմբի մարդիկ և բուժաշխատողներ, բայց դա ոչինչ է Հայաստանի բնակչության համար: Բժշկի համոզմամբ՝ պետք է լայնածավալ վակցինացիա իրականացնել, որպեսզի կանխարգելեն մարդկանց մահը. «Մենք արդեն ունենք 4100-ից ավել մարդ կորոնավիրուսի պատճառով, դա ահռելի թիվ է Հայաստանի համար, ունենք հաշվառված 180 հազար վարակված, իրական թիվը ավելին է»: