ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սիսիանում զինված տղամարդը հափշտակել էր զգալի չափերի ոսկյա զարդեր. վաճառողուհին տեղափոխվել է հիվանդանոց


ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սիսիանում զինված տղամարդը հափշտակել էր զգալի չափերի ոսկյա զարդեր. վաճառողուհին տեղափոխվել է հիվանդանոց
Փետրվար 22 22:20 2021

Փետրվարի 17-ին, ժամը 13.10-ին, ավազակության վերաբերյալ հաղորդում էր ստացվել ոստիկանության Սիսիանի բաժնում: Ժամը 12.55-ին Սիսիանի Նժդեհի փողոցի առևտրի սրահ էր մտել դանակով զինված մի տղամարդ և 48-ամյա վաճառողուհու կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ հափշտակել էր զգալի չափերի ոսկյա զարդեր ու փախել:

Մարմնական վնասվածքներ ստացած վաճառողուհին տեղափոխվել էր հիվանդանոց:

Սիսիանի քննչական բաժնում ավազակության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ծանր հանցագործությունը բացահայտելու նպատակով տեղի իրավապահներին աջակցեցին քրեական ոստիկանության գլխավոր և Սյունիքի մարզային վարչությունների աշխատակիցները: Համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ փետրվարի 20-ին փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ավազակային հարձակումը կատարել է Սիսիանի բնակիչ, 34-ամյա մի տղամարդ: Նույն օրը նա հայտնաբերվել, բերման է ենթարկվել Սիսիանի քննչական բաժին ու ձերբակալվել:

Տղամարդը տվել է խոստովանական ցուցմունք, նաև հայտնել է գողոնը թաքցնելու վայրը: Հափշտակված ոսկյա զարդերը հայտնաբերվել և առգրավվել են:

Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական և դատահետքաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: