«Անկախության տարեդարձի առիթով ուղերձ է հղում ՌԴ–ում Հայաստանի դեսպան, ՔՊ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը։ Ինչ խոսք, տարերային ուղերձամոլության ժամանակներում այդ գայթակղությանը տրվում են թերեւս շատերդ, բայց ինքնին կարծես թե արտառոց պրակտիկա է՝ երբ դեսպանը ուղերձ է հղում անկախության առիթով։ Որովհետեւ, դեսպանները որպես կանոն շնորհավորում են այն երկրների ժողովուրդներին, որտեղ ծառայում են, այլ ոչ թե այն ժողովուրդներին, ում ներկայացնում են այլ երկրում»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
Նա նշում է.
«Բայց, կարծում եմ Գուրգեն Արսենյանը բավականին փորձառու է դա չիմանալու համար, կամ ուղերձամոլության մթնոլորտին տրվելու համար։ Առավել եւս կարդալով ուղերձը, տպավորություն է, որ նա պարզապես պատրաստվում է քաղաքական հնարավոր ցատկի, մեծ հավանականությամբ՝ ընդդիմադիր «թեքումով»։
Հատկապես, որ ըստ մամուլի հրապարակումների՝ Նիկոլ Փաշինյանը մտադիր է ՌԴ–ում դեսպանի պաշտոնից հետ կանչել Արսենյանին, դժգոհ լինելով նրա աշխատանքից։ Ես այդ առնչությամբ շաբաթներ առաջ գրել էի, որ ըստ ամենայնի Արսենյանը կլինի այն թիրախը, որի վրա կբարդվի Ռուսաստանի հետ հարաբերության այս փուլում խնդիրների պատասխանատվությունը, ինչի միջոցով էլ Նիկոլ Փաշինյանը իր վրա կվերցնի հայ–ռուսական հարաբերության լարվածության «չեզոքացման» դափնին։
Իհարկել դա երեւի թե շատ մոտ կամ աներկբա հեռանկար չէ, բայց համենայն դեպս ուրվագծվող է»։










