Սուրբ Սարգիս (նաև սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օր, երիտասարդների օրհնության օր), Հայ Առաքելական Եկեղեցու կողմից նշվող տոներից։ Նշվում է Սուրբ Զատկից 63 օր առաջ՝ սովորաբար հունվարի 18-ի և փետրվարի 23-ի միջակայքում՝ շաբաթ օրը։ Այս տարի Հայ Առաքելական եկեղեցին այն տոնում է հունվարի 30-ին։ Սուրբ Սարգիս զորավարը համարվում է երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոսը։
Սուրբ Սարգիս զորավարը կարգված է համաքրիստոնեական աշխարհի սրբերի դասին։
Ավանդազրույցի համաձայն՝ նա իր որդու՝ Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի։ Կոստանդիանոս կայսրը, ով նույնպես համարվում է Հայ Առաքելական Եկեղեցու սրբերից, նկատելով սբ. Սարգսի արիությունը, կարգում է նրան հարևան Կապադովկիայի իշխան և սպարապետ։
Սբ. Սարգիսը զբաղվել է նաև քրիստոնեության քարոզչությամբ և եկեղեցաշինությամբ։ Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք սկսվում են քրիստոնյաների հալածանքները, սբ. Սարգիսը հայտնություն է ստանում Աստծուց հեռանալ կայսրությունից։ Նա իր որդու հետ հաստատվում է Հայաստանում, ուր թագավորում էր Խոսրով թագավորի որդին՝ Տիրանը։ Վերջինս Սարգսին հրամայում է ծառայության անցնել պարսից Շապուհ արքայի մոտ՝ զերծ պահելու երկիրը Հուլիանոսի արշավանքներից։ Այսպիսով, Սարգիսը նշանակվում է զորագնդերի հրամանատար։
Ավանդազրույցի հ
ամաձայն՝ նրա զինակիցները, տեսնելով Սարգսի ձեռքով Աստծո կողմից գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից և ընդունում քրիստոնեությունը։ Սակայն պարսից շահը պահանջում է նրանից պաշտել կրակը և զոհաբերություններ կատարել։ Երբ Սարգիսը հրաժարվում է ուրանալ իր հավատքը և ավերում է բագինը, ամբոխը հարձակվում է նրա որդու՝ Մարտիրոսի վրա և սպանում նրան։ Սարգսին բանտարկում են, ապա՝ գլխատում։ Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Սարգսի 14 զիվորները։
Նահատակների մարմինները ամփոփվում են Համիան քաղաքում, որտեղից էլ, ըստ հայկական հայսմավուրքներից մեկի, Մեսրոպ Մաշտոցը վերցնում է սբ. Սարգսի մարմինը և ամփոփում Հայաստանի Կարբի ավանում։ Այնուհետև վերցնելով սրբի ատամներից մեկը՝ Մաշտոցը ամրացնում է այն խաչափայտին և մասունքի վրա Գագ լեռան գագաթին կառուցում Գագա Սուրբ Սարգիս վանքը։
Սուրբ Սարգսի տոնը Հայաստանում նշել են ոչ միայն եկեղեցական ծեսով և աղոթքներով, այլև ժողովրդական ավանդույթներով: Այսպես, օրինակ, Սբ. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդ աղջիկները աղի բլիթ են ուտում և ակնկալում երազում տեսնել իրենց ապագա փեսացուին։ Ընդունված է եղել նաև տան տանիքին կամ պատշգամբում փոխինդ դնել և սպասել, թե երբ Ս. Սարգիսը կթողնի իր ձիու պայտի հետքերը։ Ըստ ավանդույթի՝ այն մարդը, ում ափսեում շաղ տված ալյուրի կամ փոխինդի միջով կանցնի սուրբը, սպասվում է մեծ հաջողություն։
Հնում այդ օրն ընդունված է եղել պատրաստել նաև օձի թթու կոչվող ապուրը։ Այն պատրաստվում էր ոսպից, մանրաձավարից, ալյուրից և եփվում թթվի ջրի մեջ։
Շատ հավատացյալներ այցելում են սբ. Սարգիս զորավարի անունը կրող եկեղեցիներ՝ մասնակցելու այդ օրը մատուցվող պատարագին։










