Բոլոր երկրների ընդհանուր սուվերեն պետական պարտքը նախորդ տարվա վերջին կազմել է համաշխարհային ՀՆԱ-ի 98 տոկոսը: Այս մասին ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից հինգշաբթի հրապարակված «Բյուջետային տեղեկագիր» հունվարյան զեկույցում:
Անցյալ ամառ փորձագետներն ակնկալում էին, որ տարեվերջին բոլոր երկրների պետական պարտքը 101.5 տոկոսի կհասնի: Ընդ որում, ֆոնդի կողմից համավարակից առաջ հաշվարկների համաձայն, այդ ցուցանիշը պետք է 84 տոկոս կազմեր, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
ԱՄՀ մասնագետները նաեւ հայտնել են, որ անցյալ տարի 14 տրիլիոն դոլար միջազգային ֆինանսական օգնությունը «նպաստել է կյանքեր փրկելուն եւ մեղմացրել է համավարակի ազդեցությունը սպառման եւ արտադրության վրա»: «Եկամուտների նվազեցում առաջացրած տնտեսական անկմանը զուգահեռ այս աջակցությունը հանգեցրել է նաեւ պետական պարտքի եւ դեֆիցիտի աճին»,- ասվում է զեկույցում:
«Դեֆիցիտի եւ պարտքի ամենամեծ աճը գրանցվել է զարգացած երկրներում, որոնց հաջորդում են ձեւավորվող շուկայով երկները, միջին եկամուտ ունեցող երկները եւ ցածր եկամուտ ունեցող զարգացող տնտեսությունները: Զարգացած տնտեսությամբ երկրներում ավելի բարձր դեֆիցիտն արտացոլում է ծախսերի հավասար աճը եւ եկամուտների անկումը, իսկ զարգացող տնտեսությամբ եւ եկամտի միջին մակարդակով եւ ցածր եկամուտ ունեցող զարգացող երկրներում միջին դեֆիցիտի աճը միջինում հիմնականում պայմանավորված է եկամտի անկմամբ, որը տնտեսական գործունեության անկման հետեւանք է»,- կարծում են փորձագետները: