Դուշանբեում երևի առևտուր էր կայացել. Սերժ Սարգսյան


Դուշանբեում երևի առևտուր էր կայացել. Սերժ Սարգսյան
Նոյեմբեր 8 00:05 2025

«44-օրյա պատերազմի ռազմական գործողությունների հիմնական պատճառը մեկը չէ, մի քանիսն են։ Առաջինը, իհարկե, բանակցային գործընթացից խուսափելն էր, ընդհանրապես հրաժարվելը։ Երկրորդ հանգամանքը կայանում էր նրանում, որ բանակցողներն ինչ-որ անհասկանալի տարբերակ առաջարկեցին, և ընդհանրապես այս երկուսը բերեց նրան, որ բանակցային գործընթացը դադարեց»,-ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ նա «Իմնեմնիմի» փոդքասթի բացառիկ թողարկման հյուրն է։

Շարունակելով թվարկել 5 տարի առաջ Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների պատճառները՝  Սերժ Սարգսյանն ասաց, տեղի ունեցան այնպիսի գործողություններ, որոնք հնարավորություն տվեցին Ադրբեջանին արդարացնելու  պատերազմ իրենց սկսելու նախաձեռնությունը։

«Կարծում եմ՝ երրորդ հանգամանքն կայանում էր նրանում, որ թուրքական ու ադրբեջանական հետախուզությունները շատ լավ տիրապետում էին մեր բանակում տիրող իրավիճակին, և տեսնում էին, որ մեր բանակի մարտունակությունը բավականին ընկել էր։ Այս երեք պատճառներով էր, որ սկսեցին ռազմական գործողությունները։ Ձեր հարցի մյուս կողմը, արդյո՞ք դա անխուսափելի էր։ Միանշանակ, ո'չ։ Անխուսափելի չէր։ Եվ միգուցե մի քիչ էլ առաջ ընկնեմ, նման արդյունքը կանխատեսելի՞ էր, թե՞ ոչ։ Մինչև 2018 թվականը միանշանակ ոչ, կանխատեսելի չէր, բայց ես արդեն 2019-ին տեսնում էի պրոբլեմներ մեր զինված ուժերում։ Արդեն 2020 թվականի օգոստոսին ես հայտարարեցի մեծ ասուլիսի ժամանակ, որ ռազմական գործողությունները շատ են մոտեցել»,-ասաց ՀՀ երրորդ նախագահը։

Սերժ Սարգսյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանը չի կարողացել սկզբից մանրամասն տիրապետել բանակցային գործընթացին, զուտ փաստաթղթեր ընթերցելով դժվար է համոզվել, թե այդ փաստաթղթերը ուր են տանում կողմերին։

«Այնուհետև, երևի թե արդեն Դուշանբեում ինչ-որ պայմանավորվածություն էր ձեռք բերել Ադրբեջանի ղեկավարի հետ, քանի որ դրանից հետո տեղի ունեցան իրադարձություններ, որոնք սկսեցին ինձ շատ խիստ անհանգստացնել։ Որո՞նք էին դրանք։ Ինը տարի շարունակ համախանախագահներն ու նաև ԵԽ անդամ երկրների ԱԳ նախարարները կրկնում էին այն, ինչ ասում էին համանախագահները. Խնդիրը պետք է լուծվի հայտնի երեք սկզբունքների հիման վրա։ Բայց չգիտես ինչու, 2019-ի սկզբին  փոխեցին այդ դիրքորոշումը, և բնական է Հայաստանի համաձայնությամբ, ու գրեցին, որ խնդիրը պետք է լուծվի արդարության սկզբունքով։ Ինձ համար դա շատ մեծ ազդակ էր, որ վտանգը մոտենում է։ Շատ պարզ պատճառով։ Երեք սկզբունքները միջազգայնորեն ճանաչված էին, իսկ արդարության սկզբունքը շաը հարաբերական է, մեզ համար կարող էր արդար լինել, մի կողմի համար անարդար։ Այստեղ այնքան վիճելու տեղ կա։ Կարծում եմ, որ դա արվել է Ադրբեջանի խնդրանքով, պահանջով, որովհետև նախկինում միշտ  այդպիսի փորձեր եղել են։ Բայց այստեղ երևի առևտուր էր կայացել, այո, մենք դրան կհամաձայնենք, բայց դու էլ մի կրակի սահմանի վրա»,-ասաց ՀՀ երրորդ նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։