Ռուսաստանը 2018-ին համարում էր, որ Հայաստանում իշխանության կգա Կարեն Կարապետյանը. Սերժ Սարգսյանը մանրամասներ է պատմում


Ռուսաստանը 2018-ին համարում էր, որ Հայաստանում իշխանության կգա Կարեն Կարապետյանը. Սերժ Սարգսյանը մանրամասներ է պատմում
Նոյեմբեր 8 00:32 2025

Քիչ առաջ «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակները հրապարակեցին հատված «Քաղաքացիական կրթության դպրոցում» Սերժ Սարգսյանի 2023 թվականի հետ հանդիպումից, որի ժամանակ ՀՀ երրորդ նախագահը. Արդբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովայի խնդրանքով, անդրադառնում է 2018-ի իշխանափոխության օրերին Ռուսաստանի գործելակերպին.

«Համարում եմ, որ Ռուսաստանը ձեռնպահ է մնացել մեզ պաշտպանելուց։ Թե ինչո՞ւ. դա տարբեր  պատճառներ կարող է ունենալ՝ հաշվ առնելով, օրինակ, Ուկրաինայի փորձը, երբ փորձեցին պաշտպանել Մայդանի ժամանակ, բայց չստացվեց։ Տարբեր պատճառներ կարող են լինել»։

Սերժ Սարգսյանն ընդգծում է՝ հասկանում է հարցի ենթատեքստը՝ իշխանափոխությունը Արցախի խնդրի համար էր, բայց ինքը անփոփոխ է իր դիրքորոշման մեջ.

«Ես երբեք չեմ խուսափել և միշտ ասել եմ ու շարունակելու եմ ասել՝ ես Ղարաբաղով եկել եմ, Ղարաբաղով էլ կգնամ։ Ինձ համար իշխանությունն ավելի կարևոր չէ, քան մեր ազգային շահերը»։

Վերադառնալով Ռուսաստանի՝ այդ օրերի գործելակերպին, Սարգսյանը հավելում է.

«Եվ քանի որ ՌԴ մի փոքր անտարբեր էր, ապա ռուսական ազդեցության կառույցները հիմնականում եկել էին հրապարակ, և մեր հարցին՝ դուք ի՞նչ ունեք հրապարակում, նրանք ասում էին՝ մեր նպատակն է, որ այս շարժումը չվերածվի հակառուսական շարժման։ Իսկ արևմտյան կառույցները դա ընկալել են որպես ռուսների կողմից կազմակերպվող օպերացիա, և իրենք են ակտիվացվել՝ շահելով այդ պայքարը։

Հարց կարող է առաջանալ՝ ինչու՞ էր ՌԴ ձեռնպահ մնում. որովհետև նրանք համարում էին, որ բոլոր պարագաներում, նույնիսկ ժողովրդական ընդվզման պարագայում, եթե ես թողնեմ պաշտոնը, ապա այդ պաշտոնին լինելու է ռուսամետ գործիչ՝ ի դեմս վարչապետ Կարեն Կարապետյանի, և դա մեծ ողբերգություն չէ։ Ողբերգություն կլինի, եթե Հայաստանում հակառուսական մեծ տրամադրություններ առաջանան»։