Զինծառայողի մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն


Զինծառայողի մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն
Հունվար 13 04:06 2021

Զինծառայող Ռադիկ Թաթոսյանի մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը:

Նա ասաց, որ 2021 թվականի հունվարի 12-ին՝ ժամը 14։50-ին, «երկկողմանի թոքաբորբ, սուր միոկարդիտ, COVID-19 հարցական» ախտորոշմամբ ԱՀ բժշկական կենտրոն է ընդունվել N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ռադիկ Էդգարի Թաթոսյանը: Նույն օրը՝ ժամը 18։25-ին, ԱՀ ԲԿ-ում գրանցվել է Ռ. Թաթոսյանի կենսաբանական մահը։ Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ժամկետային զինծառայող Ռադիկ Թաթոսյանը Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքից էր: Սովորել է Գեղհովիտ համայքի Ալ. Միասնիկանի անվան հ.1 միջնակարգ դպրոցում: Ըստ տնօրեն Էդվարդ Ասլանյանի՝ համեստ, ընկերասեր և կարգապահ աշակերտ էր: Ռադիկի հայրը՝ Էդգար Թաթոսյանը, հաճախ է մեկնել արտագնա աշխատանքի: Ընտանիքը ուներ երկու որդի, Ռադիկը ավագն էր: Մեկ տարի է, ինչ տեղափոխվել են Երևան՝ մշտական բնակության:

Հիշեցնենք, որ վաղ առավոտյան Արցախի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ հունվարի 12-ին՝ ժամը 18:25-ի սահմաններում, հիվանդության հետևանքով (նախնական՝ սիրտ-թոքային անբավարարվածություն) մահացել է ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2002թ. ծնված Ռադիկ Էդգարի Թաթոսյանը: