Երբ տարիներ շարունակ որևէ մարդ կանգնում է հարյուրավոր մարդկանց կողքին, բնական է, որ մի օր հասարակությունն էլ հարցնի՝ իսկ որտե՞ղ են այդ մարդիկ, երբ օգնության կարիքն ունի հենց նա։
Տարիներ շարունակ Գագիկ Ծառուկյանը ֆինանսավորել է մարզիկների մասնակցությունը միջազգային մրցաշարերի, աջակցել մարզադպրոցներին, օգնել մարզիչներին, պարգևատրել չեմպիոններին, աջակցել բազմաթիվ ընտանիքների։ Այս ամենի մասին տարիներ շարունակ խոսել են հենց այդ մարդիկ՝ տեսախցիկների առաջ, սոցիալական ցանցերում, շնորհակալական խոսքերով և հրապարակային ելույթներով։
Այսօր, սակայն, նրանց մեծ մասի ձայնը չի լսվում։
Ոչ ոք պարտավոր չէ պաշտպանել որևէ քաղաքական գործչի կամ մասնակցել որևէ հանրահավաքի։ Սակայն երախտագիտությունը քաղաքական կատեգորիա չէ։ Այն մարդկային արժեք է։
Դատարանի բակում այսօր հազիվ մի քանի տասնյակ մարդ է հավաքվում։ Բայց եթե այնտեղ կանգնեին բոլոր նրանք, ովքեր տարիների ընթացքում այս կամ այն ձևով աջակցություն են ստացել Գագիկ Ծառուկյանից, դժվար թե այդ տարածքը բավականացներ։ Շատերի կարծիքով՝ մարդկանց շարքը կարող էր ձգվել դատարանի բակից մինչև Հանրապետության հրապարակ։
Սա պարզապես պատկերավոր համեմատություն չէ։ Սա հարց է հասարակության խղճին։
Հաջողության պահին շնորհակալություն հայտնելը հեշտ է։ Դժվար ժամանակներում մարդու կողքին կանգնելն է բնութագրում իրական արժանապատվությունն ու երախտագիտությունը։
Այս պատմությունը վաղը կմոռացվի։ Դատական նիստերը կավարտվեն, քաղաքական իրավիճակը կփոխվի, վերնագրերը կփոխարինվեն նորերով։ Բայց կմնա մեկ հարց, որի պատասխանը շատերը դեռ չեն տվել.
Որտե՞ղ էին նրանք, ովքեր տարիներ շարունակ ասում էին. «Եթե չլիներ Գագիկ Ծառուկյանի աջակցությունը, այս հաջողությունը չէինք ունենա»։
Լռությունը նույնպես խոսում է։ Երբեմն՝ ավելի բարձր, քան ամենաբարձր հայտարարությունը։ Եվ պատմությունը սովորաբար հիշում է ոչ միայն նրանց, ովքեր պայքարել են, այլև նրանց, ովքեր նախընտրել են լռել։
Եվ ընդհանուր առմամբ, նույն այդ մարդիկ, ովքեր առաջինն էին գոռում շնորհակալ լինելու մասին, այսօր՝ ամենացածր ձայնն անգամ չեն հանում։ Սա արդեն մարդկային որակի ուղիղ ցուցիչ է։ Գաղտնիք չէ, որ «իրական» Հայաստանում անօրակությունը շատ է, կեղծավոր լինելը՝ «թրենդ»։










