Լեռնային Ղարաբաղի ավելի քան 700 բնակիչներ արդեն օգնություն են ստացել ՌԴ պաշտպանության նախարարության դաշտային հոսպիտալում, մեկ օրում ռուս ռազմական բժիշկները օգնել են 95 տեղացիների, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնում են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:
«Ռուսական խաղաղապահ զորախմբի Հատուկ նշանակության բժշկական ջոկատը շարունակում է բժշկական օգնություն ցուցաբերել ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրերում... Պաշտպանության նախարարության դաշտային հոսպիտալում որակյալ բժշկական օգնություն են ստացել Լեռնային Ղարաբաղի ընդհանուր 700-ից ավելի բնակիչներ, այդ թվում՝ 79 երեխաներ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ մեկ օրում ՌԴ ռազմական բժիշկները բուժօգնություն են ցույց տվել Ճարտարի 95 բնակիչների:
«Տեղակայված շարժական հոսպիտալում դիմած բոլոր քաղաքացիները խորհրդատվություն են ստացել եւ անհրաժեշտ նշանակումներ թերապեւտների, վիրաբույժների եւ այլ նեղ մասնագետների կողմից հետազոտվելուց հետո»,- հավելվում է հաղորդագրության մեջ:
Հստակեցվում է, որ տեղացիները սովորաբար դիմում են տարբեր սրված քրոնիկական հիվանդություններով, սիրտ-անոթային եւ էնդոկրինային համակարգի հիվանդություններով, ինչպես նաեւ ստոմատոլոգիական օգնության համար: Պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ Հատուկ նշանակության բժշկական ջոկատի ստորաբաժանումների կազմում ընդգրկված են 60-ից ավելի ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապեւտներ եւ համաճարակաբաններ: