Մայիսի 22-ին իր ծննդյան օրն է նշում ֆրանսահայ շանսոնյե, կոմպոզիտոր, բանաստեղծ, դերասան, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրը: Ազնավուրը դարձավ 93 տարեկան:
Շանսոնյեի անկեղծ խոստովանությամբ՝ ինքն արդեն 43 տարի է` չի նշում ծննդյան օրը:
«Ես դադարեցի նշել ծննդյանս օրը, երբ լրացավ 50 տարիս: Ես ասել եմ ընկերներիս, որ հաջորդ անգամ ծննդյան օրս կնշեմ, երբ լրանա 100-ամյակս»,- ասել էր Ազնավուրը:
Շառլ Ազնավուրը (Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924թ. մայիսի 22-ին Փարիզում, նրա ծնողները հայ ներգաղթյալներ են։ Շառլը սովորել է մանկական արտիստական դպրոցում, իսկ հետո՝ Փարիզի TSF կենտրոնական դպրոցում։ Ինը տարեկանում նա արդեն ելույթ էր ունենում բեմում, երգում և խաղում, 19 տարեկանում նկարահանվում էր կինոյում։
1960-ականների սկզբին Ազնավուրն արդեն բավականին հայտնի էր, նա համերգներ էր ունենում Նյու Յորքի «Carnegie Hall» և «Ambassador Hotel» դահլիճներում, ավելի ուշ Ֆրենկ Սինատրայի «Reprise Records» ընկերությունում նա թողարկում է իր առաջին ամերիկյան ալբոմը։
Իր ստեղծագործական կյանքի ընթացքում Ազնավուրը ստեղծել է ավելի քան 1000 երգ, որոնցից շատերը երգել են համաշխարհային ճանաչում ունեցող աստղեր։ Մեծ շանսոնյեն ունի նաև հրաշալի դերասանական տվյալներ, նկարահանվել է ավելի քան 60 ֆիլում։
Լինելով ամենահայտնի կատարողներից մեկը Ֆրանսիայում՝ Ազնավուրը հայտնի է նաև նրա սահմաններից դուրս։
Աշխարհահռչակ հայը մեծ ներդրում է ունեցել 1988-ի երկրաշարժից հետո հայկական քաղաքների վերականգնման հարցում։ Նա պարբերաբար այցելում է իր պատմական հայրենիք՝ բարեգործական համերգներով։
Երգեր գրել ժամանակի ճանաչված երգիչների համար: 1946-ին ծանոթացել է հանրահայտ երգչուհի Էդիտ Պիաֆի հետ, և միասին շրջագայել են համերգներով: Սկզբնական շրջանում երգել է Պիեռ Ռոշի հետ: Համընդհանուրճանաչման է հասել 1959-ին՝ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում ելույթից հետո:
Երգել է աշխարհի գրեթե բոլոր լավագույն համերգասրահներում, համերգներով հանդես է եկել նաև Երևանում: Ազնավուրը գրել է 1000-ից ավելի երգեր՝ «Սա է վերջը», «Մամա», «Իզաբել», «Երկու կիթառ», «Սիրուց հետո», «Ջահելություն» և այլն:
1995 թ.-ից ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով պատվավոր դեսպանն է, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշտական պատվիրակը Հայաստանում: 2009 թ. նշանակվել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Շվեյցարիայում: Պարգևատրվել է ԼՂՀ «Գրիգոր Լուսավորիչ» և Թեքեյան մշակութային միության ադամանդակուռ «Արարատ» շքանշաններով: