«Քաղքենին դեմ չէ անգամ Հայաստանը հանձնելուն, միայն թե տանը թարմ միս լինի, իսկ զավակը՝ թախտի տակ»․ Նարինե Մկրտչյան


«Քաղքենին դեմ չէ անգամ Հայաստանը հանձնելուն, միայն թե տանը թարմ միս լինի, իսկ զավակը՝ թախտի տակ»․ Նարինե Մկրտչյան
Նոյեմբեր 22 00:40 2020

Մամուլի ազգային ակումբի նախագահ, «Քաղաքական լիգայի» համակարգող Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հասարակության մեջ Ղարաբաղը հանձնելու լուռ համաձայնություն տվողները հիմնականում երկու տեսակ են՝ քաղքենին և լյումպենը: Քաղքենին միշտ կողմ է եղել Ղարաբաղը հանձնելուն, միայն թե իր զավակը, ամուսինը կռիվ չմեկնեն, իսկ տանը միշտ թարմ միս լինի: Քաղքենիների զավակները և ամուսինները այս կռվում էլ թախտի տակից այդպես էլ դուրս չեկան: Եվ հիմա չարախնդում են, թե բա Ղարաբաղը պահեիք, է՞, ինչի՞ չպահեցիք: Քաղքենու այդ տեսակը, անկախ տարիքից, սերել է հիմնականում կոմունիստական հին նոմենկլատուրայից՝ նրա անդամն է եղել կա՛մ ինքը, կա՛մ հայրը, կա՛մ պապը, հետո ժամանակի հետ գունափոխվել են: Ղարաբաղյան շարժման ժամանակ այդ քաղքենին ատում էր Շարժումը և մասնակիցներին, քանի որ իր անդորրը խախտվել էր, արտոնությունները՝ պակասել: Քաղքենին դեմ չէ անգամ Հայաստանը հանձնելուն, միայն թե տանը թարմ միս լինի, իսկ զավակը թախտի տակ մնա, և իր երանավետ կյանքին ոչինչ չխանգարի:
    

Լյումպենը նույնպես կողմ է Ղարաբաղը հանձնելուն նաև այն պատճառով, որ նրան ընդհանրապես չի հետաքրքրում Ղարաբաղը: Լյումպենի գիտակցությունը խիստ ցածր է որևէ բան հասկանալու համար: Լյումպենը տարիք չունի, նա ապրում է օրվա հացով, մանր-մունր ապօրինություններով, պատերազմի ժամանակ տան լույսերն անջատում է, որ զորակոչի ծանուցագիրը չկարողանան հանձնել:
    

Քաղքենին և լյումպենը հավասարաչափ անհայրենիք են, նրանք ապրում են սպառողի հոգեբանությամբ:
    

Եվ հիմա նրանք, եթե աղաղակում են, ապա ոչ այն պատճառով, որ Ղարաբաղը հանձնել են, այլ այն պատճառով, որ ուշ են հանձնել»։