Իշխանությունները նախարարի թեկնածու չունեն. բոլորը հրաժարվում են. «Ժողովուրդ»


Իշխանությունները նախարարի թեկնածու չունեն. բոլորը հրաժարվում են. «Ժողովուրդ»
Նոյեմբեր 21 09:42 2020

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի հարցերի նախարարի փնտրտուքի մեջ են:

Բանն այն է, որ իշխանությունները նպատակ են ունեցել հենց առաջինն իր պաշտոնից ազատել Արայիկ Հարությունյանին, բայց, արի ու տես, այդ ոլորտի ներկայացուցիչները որեւէ կերպ չեն համաձայնում ստանձնել այդ պաշտոնը, քանի որ ոչ միայն այդ համակարգում խնդիրներ են կուտակվել, այլ նաեւ դրանք, կարելի է ասել, անլուծելի են դարձել:

Ըստ մեր տեղեկությունների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է նաեւ Աժ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սփյուռքի եւ երիտասարդսության հարցերի հանձնաժողովի անդամներին՝ խնդրելով կադրեր առաջարկել, ովքեր կկարողանան համակարգը ուշքի բերել: Մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ լինում են թեկնածուներ, որոնց առաջարկվում է նախարարի պաշտոնը, սակայն կտրականապես մերժում են ստանում:

Այժմ իշխանությունները փնտրում են մի անձի, որն ի վիճակի կլինի այդ գերատեսչությունը կառավարել, խնդիրը կայանում է նաեւ նրանում, որ գրեթե բոլոր «վտանգավոր» ու հարցերով լի ոլորտները միավորվել են՝ դառնալով մի կառույց, որտեղ առկա են բազմապիսի խնդիրներ ու հրատապ լուծումներ են պահանջում:

Նշենք, որ ըստ մեր տեղեկությունների շուտով աշխատանքից ազատվելու է նաեւ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



loading...