Արցախ մեկնող կամավորները կորոնավիրուսի թեստ հանձնելու՞ են


Արցախ մեկնող կամավորները կորոնավիրուսի թեստ հանձնելու՞ են
Հոկտեմբեր 22 18:51 2020

Քանի որ ոչ միշտ է հայտնի, թե կամավորներից ով երբ է մեկնում Արցախ, թեստավորում կազմակերպելն այս պահի դրությամբ նպատակահարմար չի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Լուսինե Պարոնյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում արձանագրվող յուրաքանչյուր դեպքի համար համաճարակաբանական հետազոտություն է անցկացվում, ճշտվում են բոլոր շփված անձինք, եւ նրանք պարտավոր են ինքնամեկուսանալ՝ վարակը չտարածելու համար: Նրանց մասին տվյալները ավելացվում են արմեդ համակարգում, դրանք փոխանցվում են նաեւ պաշտպանության նախարարությանը՝ վիրուսի արտահոսքը դեպի ռազմաճակատ հնարավորինս կանխարգելելու համար:

Բացի այդ, մասնագետի խոսքով, պաշտպանության նախարարության կողմից եւ Արցախում աշխատող բուժաշխատողների կողմից անընդհատ անցկացվում են եւ բժշկական հսկողություն, եւ հետազոտություններ:

Մասնագետի խոսքով՝ ռազմաճակատ մեկնող առողջ կամավորներ ունենալու համար պետք է թիկունքը հնարավորինս առողջ պահել, իսկ դրա համար անհրաժեշտ է պահպանել երեք պարզ կանոնները՝ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն եւ հաճախակի ախտահանել կամ լվանալ ձեռքերը: