Ինձ թալանողների, աղքատացնողների ու արտաքսողների՝ ՀՀԿ-ի հետ համագործակցելու եզր չեմ գտնում. Մանե Թանդիլյանի «Կյանքը մեկ օրում» (լուսանկարներ)


Ինձ թալանողների, աղքատացնողների ու արտաքսողների՝ ՀՀԿ-ի հետ համագործակցելու եզր չեմ գտնում. Մանե Թանդիլյանի «Կյանքը մեկ օրում» (լուսանկարներ)
Ապրիլ 29 21:05 2017

«Կյանքը մեկ օրում» նախագծի հյուրն է ապրիլի 2-ի ընտրություններում «Ելք» դաշինքից 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր ընտրված Մանե Թանդիլյանը: Նշենք, որ նա միակ կին թեկնածուն է, ով ԱԺ է անցել ռեյտինգային ընտրակարգով:

-Դուք միակ կին թեկնածուն եք, ով ԱԺ է անցել ռեյտինգային ընտրակարգով: Ձեզ համար ի՞նչ նշանակություն ունի դա, սպասելի՞ էր նման արդյունքը, ի՞նչ էր կատարվում, երբ իմացաք, որ անցել եք խորհրդարան, ո՞ւմ հետ եք առաջինը կիսել ուրախությունը:

Ընտրությունների օրը իմ թիմով և ընկերներով գտնվում էինք իմ նախընտրական շտաբում և արդեն կեսգիշերին մոտ պարզ էր դառնում, որ թիվ 1 ընտրատարածքում ես առաջատար եմ, սակայն որ ռեյտինգային ընտրակարգով եմ ընտրվել, պարզ դարձավ միայն առավոտյան: Հաջորդը օրը՝ ապրիլի 3-ի առավոտյան, զանգահարեց և քնից արթնացրեց իմ շտաբը ղեկավարող իմ լավ ընկեր Դավիթ Խաժակյանը և հայտնեց, որ ես ընտրվել եմ ռեյտինգային ընտրակարգով, ընդ որում ստացել եմ 5110 ձայն՝ «Ելք»-ի վարկանիշային թեկնածուներից զիճելով միայն Նիկոլ Փաշինյանին: Այն, որ ես այս ընտրություններում վարկանիշային ընտրակարգով ընտրված միակ կին պատգամավորն եմ ամբողջ Հայաստանում, պարզ դարձավ արդեն ավելի ուշ, երբ ամփոփվեցին բոլոր տվյալները:

Ընտրությունների հաջորդ օրը՝ ապրիլի 3-ը, նաև իմ ծննդյան օրն է և 2017թ.-ի այդ օրը ինձ համար կհիշվի արդեն նաև որպես պատգամավոր դառնալու օր: Այս տարվա ծննդյանս տոնը նշեցինք իմ զիլ թիմի, ընկերների և ընտանիքիս անդամների հետ միասին՝ վերաիմաստավորելով օրվա խորհուրդն ու իմ ստանձնած պատասխանատվության բարձր աստիճանը:

-Ի՞նչ է փոխվել Ձեր կյանքում պատգամավոր ընտրվելուց հետո, կարո՞ղ ենք ասել, որ արդեն զգում եք կարգավիճակի փոփոխություն:

-Առաջին փոփոխությունը դա աշխատավարձի նվազումն է: Պատգամավորական աշխատավարձը, հավանաբար, պատճառ է հանդիսանում, որ ոլորտի լավագույն մասնագետները չմտնեն քաղաքականություն: Սակայն դա ինձ չխանգարեց, քանի որ մասնագիտության մեջ կայանալը և իմ մասնավոր կյանքը բարեկեցիկ դարձնելը այլևս բավարար չէին սեփական երկրում լիարժեք ապրելու համար և ես բռնեցի մեր երկրի զարգացման ընթացքը փոխելու ճանապարհը, որպեսզի այսուհետ արարեմ և ապրեմ իմ երազած Հայաստանում: Կամ գոնե սկսեմ այն կառուցելու գործընթացը:

-Հետաքրքիր է, պատգամավորի խիստ պաշտոնական ոճը որևէ կերպ Ձեզ չի՞ կաշկանդելու, մինչև այս ի՞նչ ոճ էիք նախընտրում, դժվա՞ր կլինի անցումային փուլը:

-Թերևս, ես ինձ հետ նոր ոճ բերեմ՝ աշխատելու համար հարմար: Իսկ պաշտոնական ոճը, թեպետ, ինձ համար ամենօրյա հագուկապ չի եղել, սակայն այն կարելի է կրել այնպես, որ լինի թե՛ հարմարավետ, թե՛ աշխատանքային,  թե՛ ընկալելի: Անպայման ելք կա (ժպտում է):

-Ի՞նչ ակնկալիքներ, սպասումներ ունեք ապագա խորհրդարանից, կա՞ մի բան, որ առաջինն եք փորձելու փոխել ԱԺ-ում:

-Ավելի ճիշտ՝ հակառակն է: Կարծում եմ, որ ապագա խորհրդարանը ակնկալիքներ պետք է ունենա ինձանից՝ ձևավորված իմ քարոզարշավից և գործունեությունից որպես քաղքացիական հասարակության ներկայացուցիչ: Իսկ սպասումներ ունեն իմ ընտրողները: Ես գիտեմ, թե նրանք ինչի համար են հատկապես ինձ ընտրել, ինչ են ուզում տեսնել և լսել ինձանից և ինչ հույսեր են կապել: Ես ինձ ընտրող քաղաքացիներին վերաբերվում եմ որպես գործատուների, ում հույսերը պետք է արդարացնեմ իմ կատարած աշխատանքով: Տարբեր գործատուներ եմ ունեցել և դեռ որևէ մեկին հուսախաբ չեմ արել՝ ոչ թե որովհետև ամենակարող եմ, այլ որովհետև սիրտ, ջանք ու շարունակական կատարելագործում չեմ խնայել ինձ հետ կապված հույսերն ու սպասումները արդարացնելու համար: Ուզում եմ հույս հայտնել, որ այս անգամն էլ բացառություն չի լինի:

-«ԵԼՔ»-ին այս ընթացքում համարեցին իշխանության հերթական պրոեկտը, ինչպե՞ս եք Դուք վերաբերվում այս պիտակավորումներին, բացառո՞ւմ եք, որ երբևէ ձեր ու ՀՀԿ-ի միջև որևէ համագործակցություն հնարավոր է:

-Բայց ոչ՝ այն 122 հազար 49 քաղաքացիները, ովքեր մեզ են ընտրել: Ինձ հետաքրքրում են միայն այդ անկաշառ ընտրողները, որոնց ես տեսել եմ, խոսել եմ իրենց հետ, տեսել եմ նրանց աչքերը և կարևորում եմ միայն նրանց կարծիքն ու վերաբերմունքը: Մնացած պիտակավորումները ինձ համար ունեն թաղի զրուցարանների բամբասանքների չափի արժեք, այսինքն՝ զրո: ՀՀԿ-ն ինձ համար մնում է այն ուժը, որի տարիներ շարունակ վարած քաղաքականության շնորհիվ աղքատացել, թալանվել ու դատարկվել է հայրենիքս: Ինձ թալանողների, աղքատացնողների ու արտաքսողների հետ համագործակցելու եզր չեմ գտնում:

-Խորհրդարան անցավ 4 ուժ, որոնցից երկուսը քննարկում են կոալիցիոն համագործակցության հարցը, այս ընթացքում հնչեցին կարծիքներ, որ ընդդիմության դերը մեծ չի լինելու, այն վերահսկելի է լինելու, ի՞նչ կասեք այս մասին:

-Կասեմ կարճ. կապրենք՝ կտեսնեք:

-Առաջիկայում Երևանի ՏԻՄ ընտրություններն են, քաղաքապետի մյուս երկու թեկնածուներից՝Տարոն Մարգարյանից և Զարուհի Փոստանջյանից, ըստ Ձեզ, ինչո՞վ է առանձնանում, առավել ձեր թեկնածուն:

-Նիկոլ Փաշինյանը այն քաղաքական գործիչն է, ում ուղիղ և անկաշկանդ խոսքն ու քննադատությունը քաղաքականություն են բերել բազմաթիվ երիտասարդ, բանիմաց նոր գործիչներ, որոնց համար Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր քաղաքական գործչի վառ կերպար է: Սա արդեն իսկ խոսում է նրա բնատուր առաջնորդության մասին, որը անհրաժեշտ է փոփոխություններ իրականացնելու համար: Նիկոլը ունի տեսլական, թե ինչպիսին պետք է լինի համայն հայության քաղաքամայր Երևանը: Եվ այս տեսլականը իրողություն դարձնելու համար ունի կամք, սկզբունքայնություն և նվիրում, ինչը կարևորագույն բաղադրիչ է արդյունքի հասնելու համար: Եվ վերջապես, «Ելք»-ը թիմ է՝ մի մեծ թիմ, որը ներառում է տարբեր ոլորտի երիտասարդ մասնագետներ, որոնք պատրաստ են ստանձնել Երևանի կառավարման պատասխանատվությունը և արհեստավարժ, արդյունավետ և աննահանջ կերպով լուծել Երևանի առջև ծառացած խնդիրները: Այս թիմը պատրաստ է աշխատելու Նիկոլի հետ միասին:

-«ԵԼՔ»-ում որոշակի նեղվածություն չկա՞ Զարուհի Փոստանջյանից: Ինչպե՞ս եք գնահատում նրա քարոզարշավը՝ օրիգինալության տեսանկյունից, կարո՞ղ ենք ասել, որ «ԵԼՔ»-ն այլևս եզակի չէ այդ առումով:

-Որևէ նեղվածություն չկա Զարուհի Փոստանջյանից: Մենք արել ենք քաղաքական քայլ՝ կոնսոլիդացնելու ընդդիմադիր ձայները, մեկտեղելու ռեսուրսները ՀՀԿ-ին ընդդիմադիր դարձնելու համար: Կարծում եմ, դա ճիշտ քայլ էր մեր կողմից: Ինչևէ, հաջողություն ենք ցանկանում Զարուհի Փոստանջյանին և մաղթում օրիգինալ ու անխափան քարոզարշավ:

-Ո՞րն է եղել ամենակարևոր խորհուրդը, որ ստացել ու փոխանցել եք երբևէ:

-Առհասարակ խորհուրդները պետք է հաշվի առնել, բայց չմոռանալ, որ քոնն է գործողություններից բխող հետևանքների պատասխանատվությունը: Շատ քիչ են այն մարդիկ, ում խորհուրդները հետք են թողնում ինձ վրա: Կարևորագույն խորհուրդը, որին հետևել եմ ու դարձրել ապրելակերպ, ստացել եմ հորիցս, որ «անհնարին ոչինչ չկա, եթե գեթ մեկ հոգի կարողացել է դա անել, իսկ անհնարինը ստեղծված է սեփական ձախողումը, ծուլությունը կամ թուլությունը արդարացնելու համար …»:

-Ինչո՞վ են զբաղվում Ձեր երեխաները, ի՞նչ հետաքրքրություններ ունեն, ինչպե՞ս եք ծանոթացել Ձեր ամուսնու հետ:

-Երեխաներս զբաղվում են այն ամենով, ինչով կարող են զբաղվել դարի 16 և 11 տարեկան տղաները՝ դպրոց, բակ, համակարգիչ, սպորտ… Ամուսնուս հետ ծանոթացել ենք աշխատավայրում, այնպես, կարծես թե միշտ էլ ծանոթ ենք եղել:

-Եթե հնարավորություն ունենայիք ընդամենը մեկ խորհուրդ տալ որևէ փոքրիկի, ի՞նչ կուզեիք նրան փոխանցել:

-Որ յուրաքանչյուր անհաջողություն սկիզբ է նոր հնարավորության, իսկ հաջողությունն անխուսափելի է, եթե շատ ուզես ու չհանձնվես …

Մտքերը շարունակելով…

Իմ կյանքը… ներկան է, որը կարող է փոխել իմ ապագան:

Մի օր ես… կապրեմ ու կարարեմ իմ երազած լուսավոր Հայաստանում:

Կյանքը մեկ օրում… մի ամբողջ հնարավորություն է` մոտենալու երազանքիդ:

Տարիների ընթացքում… ես ամեն անգամ նորից եմ համոզվում՝ զուգադիպություններ չեն լինում...

Իմ օրերի մեջ… կա բովանդակություն, գործողություն, իմաստ…

Կարինա Սահակյան

Նարեկ Ավանեսյան / Armday.am