ԱԺ ընտրություններին «Մայր Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է «Առաջարկ Հայաստանին» ծրագրով՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ։ Այսօր կուսակցությունը հանրությանը ներկայացրեց իր 10 առաջարկները, որոնք համալրելու են այդ ծրագիրը։
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը հունիսի 7-ին կայանալիք ընտրությունները որակեց ճակատագրական։ Միջոցառման ժամանակ իր բացման խոսքում ասաց՝ Ալիևն ու տեղական նշանակության Ալիևը (Փաշինյանը-խմբ.) համատեղ ահաբեկչական գործունեություն են իրականացնում հայ ժողովրդի, ՀՀ քաղաքացիների դեմ։
«Ալիևը հայտարարում է, որ ամիսներ անց ինքը կարող է չճանաչել Հայաստանի Հանրապետության ամբողջականությունը, այսինքն ավելի մեղմ տարբերակով ասում է, որ կարող է պատերազմել, ագրեսիայի դիմել, իսկ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողն էլ ավելի ագրեսիվ ալիևություն է անում ու հայտարարում է, որ կոնկրետ սեպտեմբերին լինելու է ագրեսիա, պատերազմ, եթե հանկարծ ինքը չվերընտրվի։ Այդ տրամաբանությամբ ստացվում է, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում հունիսի 7-ին քվեարկվելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանը՝ որպես վերարտադրվող վարչապետ, այլ Ալիևը։ Սա ամենախայտառակ իրավիճակն է, որն ունենք Հայաստանի Հանրապետությունում»,-ասաց Թևանյանը։
Նրա խոսքով, ընտրողների համար պետք է հստակ լինի՝ մեր ընտրությունը լինելո՞ւ է Հայաստանի Հանրապետություն, թե՞ Արևմտյան Ադրբեջան, արժանապատվությո՞ւն, թե՞ նվաստացում, բարեկացություն բոլորի՞ համար, թե՞ իշխող նեղ խմբակի։
Անցնելով միջոցառման բուն թեմային՝ բանախոսը նշեց, 10 առաջարկները վերնագրել են «Երաշխավորված խաղաղություն»։
«Իշխանությունը, որ ներկայացնում է պատերազմի ու պարտության կուսակցությունը, բոլորիս մեղադրում է, որ պատերազմ ենք բերում, բայց իրականում պատերազմի կուսակցությունը «Քաղաքացիական պայմանագիր»-ն է։ Պատերազմի ագռավները հագել են խաղաղության աղավնու հագուկապը և խաբում են ժողովրդին։ Այս առումով Ալիևն ավելի անկեղծ է, չի խաբում, որ Հայաստանի հետ խաղաղություն կա, կան ընդամենը միակողմանի զիջումներ»,-ասաց նա։
Թևանյանի գնահատմամբ, իշխանությունը Հայաստանը դարձրել է «դոշի բրոշկա» և «ուրախ ավտոբուսով» շրջում է մարզերում, ժողովրդին խաբում, թե խաղաղություն է բերել։
«Բայց Ալիևը պայթեցրեց այդ ուրախ ավտոբուսը, ցույց տվեց, որ իրական ու երաշխավորված խաղաղություն չկա, իսկ եթե կա, դրա երաշխավորը հենց ինքը՝ Ալիևն է։ Մեր պատկերացրած երաշխավորված խաղաղությունը ինստիտուտցիոնալ բնույթ ունի, մենք ասում ենք, ոչ թե խաղաղությունն է անվտանգության երաշխիքը, այլ ճիշտ հակառակը, անվտանգային համակարգ ապահովելով է հնարավոր հասնել խաղաղության»,-նշեց նա ու մանրամասնեց իրենց պատկերացրած երաշխավորված խաղաղության բաղադրիչները։
Մանրամասները՝ քիչ անց տեսանյութում։










