Անքնություն հղիության ժամանակ. ինչ անել


Անքնություն հղիության ժամանակ. ինչ անել
Ապրիլ 21 00:03 2017

Հաճախ հղիության ինը երջանիկ ամիսներն ուղեկցվում են գիշերային անքնությամբ: Ի՞նչ անել:

Ըստ վիճակագրության՝ հղի կանանց 80%-ն այս կամ այն փուլում տառապում են գիշերային քնի խանգարումներով: Այսպես, առաջին եռամսյակում անքնության պատճառներից կարող են լինել հորմոնալ փոփոխությունները, օրինակ, պրոգեստերոնի և հղիությանը բնորոշ մյուս հորմոնների մակարդակի բարձրացումը: Երբ օրգանիզմը ադապտացվում է նոր պայմաններին և փոփոխված հորմոնալ ֆոնին, անքնությունը նահանջում է, և երկրորդ եռամսյակում կանանց մեծ մասը մոռանում է այդ տհաճ երևույթի մասին: Սակայն վերջին եռամսյակի ընթացքում խնդիրը կարող է նորից վերադառնալ և այլևս չնահանջել մինչև հղիության ավարտը:

Որո՞նք են երրորդ եռամսյակում անքնության պատճառները

Ֆիզիոլոգիական պատճառներ.

- Երեխան ակտիվանում է գիշերը: Նրա ակտիվ շարժումները պարզապես թույլ չեն տալիս քնել:

- Մեջքի և գոտկատեղի ցավերը:

- Հևոց, ջղաձգումներ, այրոց:

- Գիշերը հաճախակի միզելու ցանկություն:

- Մաշկի ձգման պատճառով քոր որովայնի շրջանում:

- Ավելացած քաշը և մեծ փորը խանգարում են հարմար դիրք ընդունել:

Որքան մոտ է հղիության ավարտը, այդքան ավելի շատ են կանայք անհանգստանում՝ ի՞նչ է իրենց սպասում առջևում: Ահա թե ինչու անքնության պատճառները կարող են նաև հոգեբանական բնույթ կրել՝ փոփոխությունների վախը, անհանգստությունը երեխայի մասին, վախը ծննդաբերությունից առաջ, գիշերային մղձավանջները: Բացի այդ ամենից, իրեն զգացնել է տալիս նաև հոգնածությունը (առավել հաճախ դա լինում է 25 տարեկանից մեծ կանանց հետ):

Այս բոլոր պատճառներից մեկն էլ է բավարար, սակայն ավելի հաճախ նրանք բոլորը միավորվում են և կարող են առաջացնել սիներգիկ էֆեկտ: Մի հանդուրժեք, միջոցներ ձեռնարկեք՝ անքնությունը հաղթահարելու համար:

Հնարավոր միջոցները

Իրականում դրանք այդքան էլ քիչ չեն, փորձեք նրանք, որոնք, ձեր կարծիքով, արդյունավետ կլինեն ձեր դեպքում: Իսկ ավելի լավ կլինի փորձել միանգամից մի քանիսը՝ այստեղ նույնպես աշխատում է սիներգիկ էֆեկտը:

Առավոտը պետք է ճիշտ լինի

Նույնիսկ եթե դուք տանջվել եք ողջ գիշեր, ձգտեք վեր կենալ մահճակալից նորմալ ժամի՝ 8-9-ին, կամ գոնե ժամը 10-ին: Երկարատև ցերեկային քունը վնասակար է՝ այն կարող է անքնություն առաջացնել նույնիսկ ոչ հղի մարդկանց մոտ:

Մահճակալը միայն գիշերը քնելու համար է

Սա շատ կարևոր սկզբունք է, քանի որ շատերն են սիրում ցերեկը պառկել մահճակալին՝ գիրք կարդալու կամ հեռուստացույցի կողքին ննջելու համար: Իհարկե, հղի կինը պետք է ցերեկը հանգստանա, սակայն որպես ցերեկային հանգստավայր ընտրեք հյուրասենյակի բազմոցը , իսկ ննջարանի մահճակալը թող միայն գիշերային քնի համար լինի: Ի դեպ, եթե գիշերը երկար շուռումուռ եք գալիս և չեք կարողանում քնել, դուրս եկեք ուրիշ սենյակ, մի քիչ կարդացեք, հյուսեք, երաժշտություն լսեք: Իսկ հենց հասկանաք, որ քունը վերադառնում է, անմիջապես նորից պառկեք անկողին:

Ապրեք ռեժիմով

Մշակեք ձեզ համար օպտիմալ ռեժիմ և աշխատեք պահպանել այն: Օրը պետք է լինի բավականին ակտիվ (որքան ակտիվ, որոշում եք դուք), իսկ երեկոն հավասարակշռված (մանավանդ քնելուց երկու ժամ առաջ):

Մի չարաշահեք ցերեկային քունը, իսկ եթե չի ստացվում հաղթահարել անքնությունը, մի քանի օրով ընդհանրապես հրաժարվեք ցերեկը քնելուց: Հաճախ հենց սա է օգնում վերադարձնել առողջ գիշերային քունը:

Երեկոյան հրաժարվեք այն ամենից, ինչն առույգացնում է՝ ֆիզիկական ծանրաբեռնվածություն, ինտելեկտուալ զբաղմունքներ, տհաճ զրույցներ, այդ թվում հեռախոսով, երեկույթներ, մարտաֆիլմեր, սարսափ ֆիլմեր և թրիլերներ, թեյ և սուրճ:

Երեկոյան սնվելու ռեժիմը

Աշխատեք սնվել քնելուց երկու ժամ առաջ: Եթե դա անեք անմիջապես քնելուց առաջ, ապա ստամոքսի ծանրությունը թույլ չի տա ձեզ նորմալ քնել: Եթե շատ եք ուզում ուտել, ապա թույլ է տրվում թեթև յոգուրտ, մի բաժակ կեֆիր, մրգային կամ բանջարեղենային աղցան, ոչ ավելի: Սովորեք քնելուց մեկ ժամ առաջ խմել տաք կաթ, կամ բուսական թեյ: Նման ըմպելիքները ոչ միայն օգտակար են, այլև կարող են քնելու տրամադրություն ստեղծել: Սակայն աշխատեք անմիջապես քնելուց առաջ չխմել. հիշեք միզելու գիշերային ցանկության մասին: Ի դեպ, սնվելու այսպիսի ռեժիմն օգտակար է նաև աղե-ստամոքսային համակարգի համար, չէ որ աղիների հետ խնդիրներ շատ հղիների մոտ են լինում:

Երեկոյան պրոցեդուրաներ

Ընդունեք թուլացնող լոգանք, որտեղ կարելի է ավելացնել բույսերի եփուկներ: Դեղատներում վաճառվում են հատուկ "քնելու" հավաքածուներ:

Եթե ձեզ անհանգստացնում է քորը, կամ նույնիսկ եթե չի անհանգստացնում, քսեք որովայնի մաշկին հիպոալերգեն կաթիկ, քսուկ կամ լոսյոն, որոնք հանգստացնող էֆեկտ ունեն: Սակայն, պետք չէ օգտագործել դեղորայք՝ դրանք կարող են վնասել երեխային:

Շատ լավ թուլացնում և տրամադրություն է ստեղծում ոտնաթաթերի և սրունք-թաթային հոդերի մերսումը: Բացի դրանից, այն օգնում է կանխել ոտքերի ջղաձգումները: Եթե դրանք ձեզ շատ են անհանգստացնում, դիմեք բժշկի, և ձեզ խորհուրդ կտան ընդունել մագնեզիում պարունակող դեղամիջոցներ: Դրանք նաև նպաստում են նյարդային համակարգի ամրացմանը:

Պարագաներ քնելու համար

Գիշերազգեստը, կամ գիշերանոցը պետք է լինեն միայն բնական հյուսվածքներից և չնեղեն: Նաև ներքնակը պետք է հարմար լինի: Ձեռք բերեք հատուկ բարձ հղիների համար: Ստեղծեք ճիշտ միկրոկլիմա՝ ջերմաստիճանը, օդի խոնվությունը, ոչինչ չպետք է ձեզ անհանգստացնի:

Բարի գիշեր, ապագա մայրիկներ: