Բաքվում այսօր տեղի է ունեցել Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի հերթական «դատական նիստը»։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ռուբեն Վարդանյանը և իր փաստաբան Աբրահամ Բերմանը բողոքարկել են դատավորների կազմը, քանի որ նախորդ լսումներում ներկայացված բազմաթիվ միջնորդություններից մի քանիսը մերժվել են։ Նրանք նշել են, որ պաշտպանությունը դեռևս հնարավորություն չի ունեցել լիովին ծանոթանալ լսումների բոլոր արձանագրություններին։
Սակայն դատարանը բողոքը թողել է առանց քննարկման։
Հաջորդ «դատական նիստը» նշանակված է մայիսի 6-ին։