Այսպիսի ՍԴ գոյությունն ընդհանրապես կասկածի տակ է դնում ինստիտուցիոնալ բարեփոխումների համակարգը ՀՀ-ում. Փաշինյան


Այսպիսի ՍԴ գոյությունն ընդհանրապես կասկածի տակ է դնում ինստիտուցիոնալ բարեփոխումների համակարգը ՀՀ-ում. Փաշինյան
Փետրվար 14 10:02 2020

Մեր սահմանադրությամբ նախատեսված ՍԴ մենք կունենանք 2035 թվականին, ոչ մի օր շուտ, որովհետեւ նախորդ կառավարության ներկայացուցիչները որոշակի մանիպուլյացիաների արդյունքում, օրինակ, ընտրել են ՍԴ նախագահ, որը պետք է պաշտոնավարի մինչեւ 2035 թվականը: Այս մասին, փետրվարի 13-ին, «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամում կազմակերպված քննարկման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Այսինքն ի հեճուկս մեր Սահմանադրության, 18 տարի ՍԴ նախագահի ընտրություններ տեղի չեն ունենալու: Սա մոտավորապես նույնն է, որ մենք հիմա օրենսդրական փոփոխություններ անենք եւ որոշենք, որ մինչեւ 2035 թվականը ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններ տեղի չեն ունենալու եւ վարչապետը չի փոխվելու, չնայած Սահմանադրությամբ նախատեսված է, որ պետք է լինեն խորհրդարանական ընտրություններ»,-ասաց նա:

 

Փաշինյանի խոսքով, չնայած մեր Սահմանադրությամբ նախատեսված է , որ ՍԴ դատավորները կարող են պաշտոնավարել 12 տարի, մեր ՍԴ-ի անդամների մեծ մասը, եթե ոչինչ չփոխվի, այդ օրենսդրական մանիպուլյացիաների արդյունքում պետք է ունենա պաշտոնավարման 25-30 տարի ժամկետ:

 

«Սա ուղղակի անընդունելի իրավիճակ է մեզ համար: Այսպիսի ՍԴ գոյությունն ընդհանրապես կասկածի տակ է դնում ինստիտուցիոնալ բարեփոխումների համակարգը ՀՀ-ում, որովհետեւ դա կուսակցականացված ՍԴ է եւ այդ կուսակցությունը այն կուսակցությունն է, որը Հայաստանն առաջնորդել է  կոռումպիոն համակարգ, եւ որը այսօր երազում է Հայաստանում ժողովրդավարության ձախողում:

 

Մենք այսպիսի իրավիճակ չենք կարող հանդուրժել եւ ինչ ենք արել. Մենք հարցը հանել ենք համաժողովրդական հանրաքվեի, որով առաջարկում ենք հետեւյալը, որ ՍԴ այն անդամները, որոնց պաշտոնավարումը չի համապատասխանում գործող Սահմանադրությամբ սահմանված պայմաններին ու պահանջներին, նրանց լիազորությունները դադարեցվի եւ մենք ունենանք Սահմանադրությանը համապատասխանող ՍԴ:

 

Այսինքն հանրաքվեի բարեհաջող արդյունքի պարագայում ՀՀ նախագահը, կառավարությունը եւ Դատավորների ընդհանուր ժողովը կառաջադրեն ՍԴ  դատավորի թեկնածուներ եւ մենք կունենանք Սահմանադրությանը համապատասխանող ՍԴ»,-ընդգծեց վարչապետը:

 

Նա հավելեց, որ հիմա ԱԺ օրակարգում են դատական համակարգի բարեփոխումները, համաձայն որոնց բոլոր նորանշանակ դատավորները, ներառյալ ՍԴ դատավորի թեկնածուները կանցնեն բարեվարքության ստուգում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, որն ի դեպ, նույնպես նոր է ձեւավորվել:

 

«Տեղի է ունեցել աննախադեպ բան, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այսօր ղեկավարում է մի թեկնածու, որն առաջադրվել է ընդդիմության կողմից: Սա կարծում եմ կարեւոր փաստ է:

 

Մեր դատավորների անաչառությունը պարտադիր պայման է եւ մենք պարտադիր պետք է ապահովենք այդպիսի պայմաններ: Հայաստանը կա եւ շարունակելու է լինել ժողովրդավարական պետություն: Ես հուսյ ունեմ, որ մեր բոլոր միջազգային գործընկերները կաջակցեն մեր երկրին այս կարեւոր գործընթացը շարունակելու գործում»,-ասաց նա:



loading...