Քաղաքացիները մեծամասամբ հրաժարվում են կարգալույծ քահանայի ծառայություններից. Տեր Սարգիս


Քաղաքացիները մեծամասամբ հրաժարվում են կարգալույծ քահանայի ծառայություններից. Տեր Սարգիս
Հոկտեմբեր 29 18:07 2025

Արդեն մեկ շաբաթ է Հովհաննավանքի դռան փականը փոխված է, բանալին գտնվում է կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի մոտ, ով  առավոտյան բացում է դուռը, երեկոյան փակում։ Panorama.am-ի հետ զրույցում Հովաննավանքի հոգևոր հովիվ տեր Սարգիս քահանա Սարգսյանն ասաց, որ դեռ մեկ շաբաթ առաջ են փոխել եկեղեցու դռան փականը։

«Այդ ժամանակ ոստիկանին հարցրեցի, ասաց՝ անվտանգությունից ելնելով են դա արել։ Մտածեցի, որ Նիկոլ Փաշինյանի գալու հետ կապված անվտանգության միջոցառումներ են ուզում  ձեռնարկել, բայց ինչպես երևաց, դա նախապես մտածված իրենց ծրագիրն է, որ մենք չկարողանանք որևէ կերպ իրենց արգելք լինել։

Այժմ նոր բանալին, հավանաբար, նախկին քահանայի մոտ է։  Իրենք ենք գալիս առավոտ շուտ  դուռը բացում, երեկոյան փակում։ Մեր թեմում եղած կարգուկանոնով,  բոլոր եկեղեցների մուտքերի բանալիները գտնվում են  մոմավաճառների մոտ, իրենք պետք է գան, առավոտյան բացեն դուռը, մաքրեն, պատրաստեն եկեղեցին, երեկոյան էլ մաքրեն ու գնան։

Հիմա իրենց մոտ է»,- ասաց Տեր Սարգիսը։

Նա նշեց, որ կարողանում են մտնել ու դուրս գալ եկեղեցի, քանի որ երբ գալիս են, արդեն բաց է լինումը դուռը։

«Երկու օր առաջ եմ այնտեղ եղել։ Ոստիկաններ կային, իրենց մի քանի համախոհներ։ Կրկին անգամ մոտեցան, նորից կիսաբանավեճի  բռնվեցինք։ Հարցնում են՝ արդյո՞ք ես էլ եմ կարգալույծ համարում, թե ոչ։ Մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք, նույնն է՝ մենք ընդունում ենք Մայր Աթոռի հայտարարոթյունը։ Այդ իշխանությունն ունի եկեղեցին՝ տրված Առաքյալներից»,- ասաց Տեր Սարգիսը։

Նա նաև նշեց՝ վերջին մեկ շաբաթում կան քաղաքացիներ, որոնք հրաժարվել են, որ կարգալույծ քահանան կատարի իրենց արարողությունը։

«Քաղաքացիները մեծամասամբ հրաժարվում են իր ծառայություններից։ Գրանցամատյանում, որ ինձ արդեն հասանալի չէ, կիրակի օրվա համար նշված էր եղել 4-5 արարողություն, միայն մեկն է եղել։ Մարդիկ հրաժարվում են Հովհաննավանքում կատարել իրենց արարողությունը, գնում են այլ եկեղեցիներ։ Ինձ զանգահարեցին, խնդրեցին շաբաթա օրվա համար նախատեսված իրենց  արարողությունը կատարեմ այլ եկեղեցում։

Հովհաննավանքում նաև աղոթքի համար համապատասխան մթնոլորտ էլ չկա»,- ասաց Տեր Սարգիսը։  

Ըստ նրա, ամենավատն այն է, որ ժողովուրդը կապվում է ոչ թե եկեղեցուն, Աստծուն, այլ քահանայի անձին։

«Այս տեսակ մարդիկ են, որոնք իր կողքին են։ Հավատացյալը չպետք է կապվի քահանայի անձին, այլ կապվի իր համայնքին ու եկեղեցուն»,- ընդգծեց Տեր Սարգիսը։

Նա նաև նշեց, որ չի ճանաչում այն մարդկանց, որոնք հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում կարգալույծ քահանայի կողմից մատուցված «պատարագի» ժամանակ նրա կողքին են կանգնած եղել, օրինակ՝ դպիրը. «Ինքը լինելով կարգալույծ, հանդես գալով որպես աշխարհական, չի հրաժարվում և պատարագ է մատուցում, իր կողքն ով ասես՝ կարող է լինել»։  

Նշենք՝ պարզվել է, Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Ստեփան Ասատրյանի կողմից մատուցած «պատարագի» մասնակից դաջվածքով դպիրը երիտասարդ ՔՊ-ական է։

Տեր Սարգիսը նաև նշեց, որ թեև Սահմանադրությամբ, օրենքներով պետությունը պետք է աջակցի եկեղեցուն, օգնի, որպեսզի եկեղեցական ծիսակատրությունները, արարողությունը կատարվեն պատշաճ կերպով, սակայն. «Հիմա ինքներդ ասեք՝ այս մեկ շաբաթվա ընթացքում իշխանության որևէ ներկայացուցիչ եկա՞վ, կանգնե՞ց իմ կողքին, փորձե՞ց ինձ օգնել։ 

Ինչ ասեմ»։

Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը եկեղեցու փականը փոխելու հետ կապված  գրել է. «Հարգելի դատախազներ և քննինչներ,

այս արարքի մեջ ակնհայտ է ինքնիրավչության հանցակազմը, քանի որ Ստեփան Ասատրյանն օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքն ինքնակամ է իրականացնում, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին: Տվյալ դեպքում վնասը պատճառվում է այլ քահանաներին, ովքեր կարող են մուտք գործել այնտեղ, սակայն Ասատրյանի արարքից հետո, զրկվել են նման հնարավորությունից, ինչպես նաև վնաս է պատճառվում Հայ Առաքելական Եկեղեցուն, որի սեփականությունն է հանդիսանում այդ եկեղեցին և որից չի կարող օգտվել սեփականատերը:

Նաև խախտվում են այն անձանց իրավունքները, ովքեր ունեին մկրտություն, պսակադրություն կամ այլ արարողություն, և փականը փոխելու պատճառով չեն կարողացել դա իրականացնել:

Քանի որ վնասը պատճառվում է իրավունքին, այստեղ գումարային ցուցնիշը պետք չէ, միայն իրավունքի խախտման փաստը բավարար է:

Հետևաբար, առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 460-րդ հոդվածով նախատեսված ավարտված հանցագործություն:

Հ.Գ. Այս արաքը հանդիսանում է հանրային մեղադրանքի հանցանք, և բողոքի առկայությունը պարտադիր չէ»: