Գերմանիայից կամավոր վերադարձած հայերը ֆրանս-գերմանական ծրագրով աջակցություն կստանան


Գերմանիայից կամավոր վերադարձած հայերը ֆրանս-գերմանական ծրագրով աջակցություն կստանան
Նոյեմբեր 14 17:08 2019

Գերմանիայում նվազագույնը 6 ամիս բնակվելուց հետո կամավոր Հայաստան վերադարձող հայերը հնարավորություն կստանան «CAROB» ֆրանս-գերմանական աջակցության և վերաինտեգրման ծրագրով ստանալ մասնագիտական ուսուցում, միկրոձեռնարկություն հիմնելու համար ֆինանսական աջակցություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աջակցության և վերաինտեգրման համագործակցության՝ «CAROB» ծրագրի պաշտոնական բացումը տեղի ունեցավ նոյեմբերի 14-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը:

 

«CAROB»-ը հայ միգրանտների վերադարձի և վերաինտեգրման աջակցման համագործակցության ծրագիր է: Այն ֆրանս-գերմանական հավակնոտ նախաձեռնություն է, որն իրենից ներկայացնում է Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման ֆրանսիական գրասենյակի (OFII) և Գերմանիայի միգրանտների և փախստականների դաշնային ծառայության միջև համագործակցության արդյունք: Այն հավակնոտ համագործակցության ծրագիր է, քանի որ կարող է գալիք տարվա ընթացքում օժանդակել 400 անձի»,-ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտն ու նշեց՝ իրենց այդ ջանքերը խրախուսում է նաև Հայաստանի իշխանությունը:

 

Լաքոտը նշեց՝ ծրագրի միջոցով ուզում են հղել ուղերձ՝ հայ քաղաքացիների ապագան Հայաստանում է:

 

«CAROB» ծրագրով առաջարկվում է երեք տեսակի աջակցություն՝ սոցիալական և առաջին անհրաժեշտության բժշկական աջակցություն, մասնագիտական ուսուցում, փոքր ու միջին ձեռնարկությունների ստեղծման համար ֆինանսավորում:

 

 Ծրագրի պատասխանատու Արա Հովհաննիսյանը նշեց՝ մասնագիտական ուսուցման միջոցով նպատակ ունեն այդ անձանց վերադարձնել աշխատանքի շուկա: «Սոցիալական աջակցության պարագայում Երևանում մինչև 6 ամիս և մարզերում մինչև 1 տարի ժամանակով կարող ենք տուն վարձակալել Գերմանիայից կամավոր Հայաստան վերադարձող անձանց համար՝ նկատի ունենալով, որ մեկնելուց առաջ հաճախ շատերը վաճառում են ամեն ինչ: Բիզնեսի աջակցության դեպքում շահառուները 30 տոկոսի չափով ներդրում պետք է անեն, ծրագրով աջակցությունը կարող է լինել գույքի, տարածքի տրամադրման կամ այլ տեսքով»,-նշեց նա:

 

Սեպտեմբերից առ այսօր ծրագրով աջակցություն ստանալու համար արդեն դիմել են 100 անձ: Նոյեմբերի 15-ին հանձնաժողովը վերջնական կհաստատի գործերը և կանցնի աջակցությանը:

 

 Հայաստանում Գերմանիայի դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆը նշեց, որ ծրագիրը պիլոտային է: «Գերմանիան և Ֆրանսիան միավորել են ջանքերը՝ կիսելու իրենց փորձառությունը: Ֆրանսիան արդեն ունի վերաինտեգրման ծրագիր այն հայերի համար, ովքեր ետ են վերադարձել հայրենիք: Հույս ունեմ, որ այս ծրագիրը ևս մեծ հաջողություն կունենա, ես հավատում եմ, որ դա կնպաստի Հայաստան վերադարձողների ինտեգրացիայի ուժեղացմանը»,-ասաց դեսպանը:

 

ՀՀ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը տեղեկացրեց, որ վերջերս Հայաստանից պատվիրակություն է այցելել թե Ֆրանսիա, թե Գերմանիա, որոնց ընթացքում քննարկվել են տարբեր հարցեր ՝ միգրացիայի և հատկապես Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզայի ազատականացման համար երկխոսությունները սկսելու հնարավորությունը: «Մենք հավատում ենք, որ մեր քաղաքացիների կայուն վերադարձն ու վերաինտեգրումը անհրաժեշտ հիմք է, ինչի շնորհիվ մենք կարող ենք սկսել հետագա քայլերը՝ հասնելու վիզայի ազատականացման»,-ասաց Ղազարյանը:

 

Նա նկատեց, որ վերաինտեգրման գործընթացին պետք է մասնակցութուն ունենան բոլոր կողմերը՝ թե կառավարությունը, թե երկրները և միգրանտները: Նա Ներգաղթի և ինտեգրման ֆրանսիական գրասենյակի (OFII) աշխատանքը համարեց դրա փայլուն օրինակ:

 

Երևանում OFII-ի ներկայացուցչությունը, որը հիմնվել է 2014-ին, իրականացնում է վերաինտեգրման երկկողմ գործունեություն՝ տնտեսական և սոցիալական աջակցություն տրամադրելով հայ միգրանտներին, ովքեր որոշում են կամավոր վերադառնալ հայրենիք: Նարինե Հարությունյանը OFII-ի  շահառուներից է, որ ընտանիքով Ֆրանսիա էր մեկնել 2014-ին, իսկ 2016-ին որդիների՝ բանակում ծառայելու որոշման արդյունքում ետ վերադարձել: «Վերադառնալուց հետո դիմեցինք  OFII-ին, նրանց աջակցությամբ Էջմիածնում բացեցինք մեր ընտանեկան բիզնեսը, արտադրում ենք կիսաֆաբրիկատներ»,-ասաց նա:



loading...