Խոշոր հրդեհ Երևանում. մինչ իրավապահները փնտրում են Էրեբունիում կառուցվող եկեղեցու գումարները լափողներին, նրա տարածքում կրակն իր սև գործն արեց


Խոշոր հրդեհ Երևանում. մինչ իրավապահները փնտրում են Էրեբունիում կառուցվող եկեղեցու գումարները լափողներին, նրա տարածքում կրակն իր սև գործն արեց
Հուլիս 27 23:03 2019

Այսօր՝ հուլիսի 27-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների փողոցում գտնվող Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու կողմից կառուցվող, սակայն ինչ-ինչ պայմաններում շինությունն անավարտ թողած եկեղեցու տարածքում, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակը բռնկվել է շինարարական տարածքում տեղադրված վագոն-տնակում և այն մարելու համար ժամանել էր Արտակարգ իրավիճակների նախարարության փրարար-ծառայության ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարում ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Վարդան Սուքիասյանի գլխավորությամբ:

Հրշեջները մեծ դժվարությամբ կարողացան մտնել տարածք և որոշ ժամանակ պայքարում էին կրակի տարածման դեմ: Բարեբախտաբար, տուժածներ չկան: Հրդեհի վայրի հարևանությամբ բնակվող քաղաքացիներն ասում էին.

«Տարիներ առաջ խոստացան, որ էստեղ եկեղեցի է կառուցվելու, սակայն չգիտես ում պատճառով այն մնաց անավարտ: Ու հիմա տարածքը, որը ԽՍՀՄ տարիներին զբոսայգի էր, լրիվ դարձել է խոզանոց, հակասանիտարական վիճակ է տիրում: Ո՞վ է պատասխան տալու, չգիտենք: Թողնես, պատասխանատուները ամեն օր գլխներիս «Հայր մեր» կարդան: Իսկ Եկեղեցին, որը բոլորիս համար աստծո տուն է, չգիտենք, երբ կկառուցվի: 2-3-րդ հրդեհն է այս տարածքում: Գոնե էս հրդեհից հետո իրենց մարմնի փափուկ մասերը դուրս բերեն բազկաթոռներից, մոռանան իրենց թափանները լցնելու մասին ու եկեղեցու շինարարությունն ավարտեն, ինչը նվեր կլինի ոչ միայն էրեբունցիներին, այլև՝ բոլոր երևանցիներին»: Նշենք, որ դեռևս 2013 թվականին ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել էր քրեական գործ` առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու փաստի առթիվ: ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2008թ. ապրիլի 14-ին Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ՍՊ ընկերության միջև կնքվել է պայմանագիր` Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում եկեղեցի կառուցելու վերաբերյալ:

Շինարարական աշխատանքներն իրականացնելու ընթացքում ՍՊ ընկերության տնօրենը, խաբեությամբ և եկեղեցու տնօրինության վստահությունը չարաշահելու միջոցով, 2008թ. հունիս ամսին հանձնարարել է, որպեսզի շինարարության համար նախատեսված գումարից 12 497 257 դրամը փոխանցվի մեկ այլ ՍՊ ընկերության բանկային հաշվին, ինչը կանխիկացվել է ու հափշտակվել:

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: