Երեկ, հուլիսի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի Հայանիստ գյուղի վարչական տարածքում բախվել են Երևանի բնակիչ 35-ամյա Ա․Գ․-ի վարած Opel մակնիշի 35 UQ 248 համարանիշի և Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ 27-ամյա Ա․Գ․-ի վարած Volkswagen Golf մակնիշի 35 VA 443 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդ Ա․Գ․-ն և նրա ուղևոր, համագյուղացի 33-ամյա Գ․Կ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Անուշավան Սաղոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այսօր, հուլիսի 26-ին ժամը 00։05-ի սահմաններում Գ․Կ․-ն հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է։
Եվ հետաքննիչի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։










