Երեկ՝ հուլիսի 19-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ողջաբերդ գյուղի վերջնամասում տան տանիք է այրվում, գրում է shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել Աբովյանի հրշեջ-փրկարարները, սակայն մինչ նրանց ժամանումը, տան տերերն ու գյուղացիները իրենց ուժերով պայքարել են կրակի տարածման դեմ:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Եթե հրշեջներին Երևանից ուղարկեին, ճանապարհի հեռավորությունը 7-8 կմ էր, նրանք ավելի շուտ կհասնեին ու վնասը այդքան մեծ չէր լինի, մինչդեռ հրշեջները ժամանել են Աբովյանից ու կտրել անցել են 30-35 կմ ճանապարհ: Ճիշտ է՝ եկած հրշեջները իրենց գործն արեցին, հանգցրեցին կրակը, բայց եթե 7 կմ հեռավորության վրա գտնվող հրշեջ-փրկարարական ջոկատը գար, ավելի ճիշտ կլիներ, դա մեր կարծիքն է, գուցե վերևներում կաբինետներում նստած որոշել են, որ 30-35 կմ հեռավորության վրա գտնվող ջոկատը պետք է գա: Էլի գոհ ենք, որ մարդկային կորուստներ չենք ունեցել, բայց հույս ունենք, որ Կոտայքի մարզպետարանը կամ բարեգութ մարդիկ օգնության ձեռք կմեկնեն և տանիքը մեր ուժերով կկառուցենք»:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տունը պատկանում է 46-ամյա Վարշամ Պապիկյանին և ընտանիքը բաղկացած է 8 հոգուց: Նրանց միակ ապրուստի միջոցը իրենց կողմից աճեցված միրգն է :ու դժվար թե ընտանիքը կարողանա միայնակ լուծել տանիքի վերանորոգման խնդիրը:










