Ամռան ամիսներին Երևանում միջոցառումների պակաս չի զգացվի: Երևանցիներն ու հյուրերը հնարավորություն կունենան մասնակցելու ամենատարբեր միջոցառումների, վայելել հայկական կերակրատեսակները, ծանոթանալ երգ ու պարին, ազգային հագուստին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը նշեց, որ փառատոնների մեկնարկը տրվելու է հունիսի 15-ին: Երևանի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարևանությամբ գտնվող այգում հայկական ազգային ճաշատեսակների շքերթ է լինելու: Մեկ տեղում այցելուները կարող են համտեսել, ծանոթանալ հայկական խոհանոցի գանձերին: «ՈՒՏԵՍՏ ֆեստ» խորագրով տոնածիսական ուտեստների փառատոնի նպատակն է հանրությանը, այդ թվում նաև Երևան այցելած հյուրերին, ներկայացնել հայկական ավանդական տոնածիսական ուտեստի հարուստ ընտրանին:
«Ներկայացվելու են տաղավար տոներին ավանդաբար պատրաստվող ուտեստները հետաքրքրիր մատուցմամբ ու ձևավորմամբ: Փառատոնի մասնակից դարձած երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը հնարավորություն կունենան ծանոթանալու հայկական խոհանոցային ժառանգության լավագույն ու մոռացված ուտեստներին և համտեսելու»,-ասաց Գևորգ Օրբելյանը: Միջոցառումն իրականացվում է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի հետ համատեղ:
Փառատոնի ցանկը կհամալրի ևս մեկ սպասված ու հետաքրքիր իրադարձություն՝ «ԵրևանՏԱՐԱԶ ֆեստ»-ը, որը կանցկացվի հուլիսի 27-ին Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի կողմից Հյուսիսային պողոտայում։ Հայկական լավագույն դիզայներները կներկայացնեն իրենց աշխատանքը՝ օգտագործելով ազգային հագուստի ավանդական տարրեր:
«Միջոցառումը հնարավորություն կտա վերադառնալ արմատներին և միևնույն ժամանակ, նորովի ներկայացնել հայկական ավանդույթները: Փառատոնը մեծ հնչեղություն ունի և զբոսաշրջիկների շրջանում կա հետաքրքրություն այս միջոցառման նկատմամբ: Քանի որ ամեն անգամ մասնակցում են նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունները, ազգային փոքրամասնություններ և մշակութային կենտրոնները, հետևաբար այս հանգամանքը ևս իր ազդեցությունն է ունենում «ԵրևանՏԱՐԱԶ ֆեստ» փառատոնի ճանաչմանը»,-ասաց Գևորգ Օրբելյանը: Նա նկատեց, որ ինչպես այս, այնպես էլ մյուս սպասվող փառատոնների ու միջոցառումների ցանկը ներկայացվում է զբոսաշրջային ընկերություններին, որպեսզի նրանք ներառեն իրենց տուրփաթեթներում:
Հաջորդ սպասված միջոցառումն է Երևանի գարեջրի փառատոնը, որն այս տարի կանցկացվի օգոստոսի 3-ին՝ Կարապի լճի հարակից տարածքում:
Այս փառատոնը Երևանի զբոսաշրջային կարևոր բաղադրիչներից է և իր ուրույն նպաստն է բերում միջոցառումային զբոսաշրջության զարգացմանը մայրաքաղաքում: Երևանի գարեջրի փառատոնի նպատակը հանրությանը հայկական գարեջրի առանձնահատկություններին ծանոթացնելն ու հայկական շուկայում գարեջրի արտադրությամբ զբաղվող ընկերություններին մեկ հարթակում համախմբելն էր:
Փառատոնի ընթացքում կկազմակերպվեն տարատեսակ մրցույթներ. հնարավորին արագ ըմպել, ըմպել ձողիկով, որոշել նրբերշիկի համը, արագորեն մաքրել գետնանուշը, արագորեն ուտել խեցգետին և այլ մրցույթներ։
Ինչ ամառ առանց Վարդավառի:
Մայրաքաղաքում մեծ շուքով կնշվի նաև Վարդավառի տոնը, որն այս տարի հուլիսի 28-ին է: Երևանցիների սիրված տոներից մեկն է, որը կգրավի նաև բազմաթիվ զբոսաշրջիկների ուշադրությունը: Տոնախմբությունը կսկսվի եկեղեցիներում Պայծառակերպության տոնին նվիրված Սուրբ Պատարագի մատուցմամբ, որի ընթացքում կկատարվի ջրի օրհնության կարգ:
«Տոնին նվիրված Երևանի տարբեր հատվածներում տեղի կունենան ուրախ միջոցառումներ, որոնց ընթացքում մայրաքաղաքի բնակիչներն ամբողջովին թրջված, բայց բարձր տրամադրությամբ զբոսաշրջիկներին կներկայացնեն տոնի բուն խորհուրդը»,-ասաց Գևորգ Օրբելյանը:
Ամռան օրերին Երևանում չի դադարի հնչել երաժշտությունը:
Ամենատարբեր ճաշակի երաժշտասերները կարող են սպասվող համերգների ցանկում գտնել իրենց հոգեհարազատը: Հուլիսի 15-ից սկսած ամեն շաբաթ օր Երևանում կհնչի ջազ, ռոք, բլյուզ, ազգային երգ և այլն: Վեց շաբաթ համերգային ծրագրերն իրենց շուրջ կհամախմբեն երևանցիներին և հյուրերին:
Ամռանը նախատեսված են նաև սպորտային միջոցառումներ:
Աննա Գզիրյան