Իմ համակիրներն ինձ սպառնում են. Վանևանի համայնքապետ


Իմ համակիրներն ինձ սպառնում են. Վանևանի համայնքապետ
Ապրիլ 17 18:15 2019

Գեղարքունիքի մարզի Վանևան գյուղի բնակիչներն օրեր առաջ փակել էին Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը՝ պահանջելով համայնքապետ Նորայր Հարությունյանի հրաժարականը:Համայնքի հրաժարականը պահանջում են նաև ավագանու 5 անդամից 3-ը, ովքեր պնդում են, որ համայնքապետը անգործության է մատնված:

Armday.am-ի հետ զրույցում 30 տարի Վանևանը ղեկավարող  համայնքապետը վստահեցրեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ:

«Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ: Եթե անօրինականություններ եմ արել, ուրեմն կպատժվեմ օրենքով, պատասխանատվության կենթարկվեմ, սակայն հրաժարական չեմ տա:Թավշյա հեղափոխությունից հետո կրկին ընտրություններ եղան, և ես ընտրվեցի իմ ժողովրդի կողմից: Մրցակից թեկնածուն հերթական անգամ պարտվեց, սակայն չցանկացավ ընդունել իր պարտությունը, ու հնարավոր է, որ այս բողոքները նրա կողմից ուղղորդվում են: Այդ ընտանիքից արդեն 3-րդ անձն է իմ հետ թեկնածություն դնում և պարտվում»,-ասաց նա:

Հարցին, թե հնարավո՞ր է՝ հրաժարական տա կրկին առաջադրվելու նպատակով,համայնքապետը պատասխանեց.

«Իմ համակիրները ինձ սպառնում են, որ հրաժարական տալու դեպքում ավելի վատ բան կձեռնարկեն:Պաշտոնը սեփականություն չէ, ես այդքան էլ կառչած չեմ պաշտոնից, բայց չեմ հետևի մյուս համայնքապնետերի օրինակին:

Ն. Հարությունյանն ու ավագանու անդամները հանդիպել են գեղարքունիք մարզպետի հետ, սակայն կողմերը զիջման չեն գնացել:

Համայնքապետը նշում է, որ ավագանու անդամները չեն հաստատում իր ծրագրերը, իսկ ավագանու անդամները նշում են, որ համայնքապետը բավականին երկար ժամանակ ծրագիր չի ներկայացնում:

«Այդ մարդիկ միայն պահանջում են իմ հրաժարականը, և ոչ մի տեսակի զիջման չեն գնում:Մենք թևակոխել ենք օրինապահ երկիր, մինչև ե՞րբ  պետք է այսպես շարունակվի»,-ասաց նա:

Անդրադառնալով նստացույց անող անձին՝ համայնքապետը շեշտեց, որ նա հանցագործ է:

«Նստացույց անող անձը երեք անգամ դատվել է: Մեկ անգամ  բնակարանային գողության, երկու անգամ թմրանյութ աճեցնելու, իրացնելու, օգտագործելու համար է դատապարտվել: Նա նորմա՞լ մարդ է, որ ես նրա պահանջով հրաժարական տամ»,-ասաց Հարությունյանը:

Նշենք, որ Վանևանի համայնքապետը Հանրապետական կուսակցության անդամ է եղել,սակայն մինչև հեղափոխությունը դադարեցրել է անդամակցությունը այդ ժամանակ իշխող  կուսակցությանը: