Այսօր, ապրիլի 17-ին ՀՀ Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի ծննդյան օրն է։ Երկրի ոստիկանության պետը նշում է ծննդյան 49 ամյակը։ Վալերիյ Օսիպյանը ծնվել է 1970 թվականին։ Օսիպյանը հայ հասարակությանը հայտնի է իր ոստիկանական համակարգում աշխատելով: Տարբեր տարիների զբաղեցրել է ոստիկանության պաշտոններ, այդ թվում՝ եղել է գնդի վաշտի հրամանատար, գնդի հրամանատարի տեղակալ, գնդի հրամանատար, Երևան քաղաքի վարչության հասարակական անվտանգության բաժնի պետ, Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ:
Վալերիյ Օսիպյանը մինչեւ ոստիկանության պետի պաշտոնում նշանակվելն էլ վայելում էր հասարակական աջակցությունը եւ համակրանքը։ Նրան մշտապես կարելի էր տեսնել բողոքի տարբեր ակցիաներում՝ քաղաքացիների հետ բանակցությունների ամենաթեժ կետերում։
· 2009 թվականի սեպտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ, իրավակարգի ամրապնդման և հասարակական կարգի պահպանության գործում ունեցած նշանակալի ներդրման, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել է «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով։
· 2015 թ. սեպտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, հասարակական կարգի պահպանման գործում ներդրած անձնական մեծ ավանդի և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։
· Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ, 2016
· Պարգևատրվել է նաև ՀՀ ոստիկանության և այլ գերատեսչությունների կողմից տրված մի շարք մեդալներով և կրծքանշաններով:
Թավշյա հեղափոխությունից հետո՝ 2018 թվականի մայիսի 10-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ եւ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վալերիյ Օսիպյանը նշանակվում է ՀՀ ոստիկանության պետ։ Պաշտոնավորման հենց առաջին օրվանից Օսիպյանը հայտարարեց, որ համակարգը այլեւս նախկին ձեռագրով չի աշխատելու։ Կատարվեցին ու կատարվում են շարունակական բարեփոխումներ, որի շնորհիվ իրավապահ այս կառույցը ներկայումս վայելում է հասարակության լայն շրջանակների վստահությունը։
Հասարակություն- ոստիկանություն կապն առավել քան ամուր է։
Նշենք, որ երեկ ոստիկանությունը նշեց իր կազմավորման 101-րդ տարեդարձը։ Համակարգում վերջին ամիսներին տեղի ունեցող փոփոխությունները դրական գնահատեցին երկրի բարձրագույն իշխանության ներկայացուցիչները։
49 ամյա Վալերիյ Օսիպյանը ամուսնացած է, ունի երկու որդի։