Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհին ապրիլի 11–ին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով տուժած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։ Նրանց առողջական վիճակը նորմալ է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Նշենք, որ վթարի հետեւանքով 18 զինծառայող է հոսպիտալացվել։
Ապրիլի 11-ին, ժամը 20:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ՊՆ թիվ N զորամասի ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհի 22-րդ կմ-ին թիվ N զորամասի «ԶԻԼ 131» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել ժայռին եւ շրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 18 զինծառայող հոսպիտալացվել է Մեղրու ԲԿ, որտեղ տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ բավարար: Բժիշկների հավաստմամբ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում: