ՊԵԿ-ը փորձում է օգտագործել կալանքի գործիքը՝ անձին վախեցնելու եւ գումար գանձելու համար. «Սպայկա»


ՊԵԿ-ը փորձում է օգտագործել կալանքի գործիքը՝ անձին վախեցնելու եւ գումար գանձելու համար. «Սպայկա»
Ապրիլ 6 20:21 2019

«Սպայկա» ընկերությունը, որի տնօրեն Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել, հանդես է եկել հայտարարությամբ:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Ի պատասխան ՍՊԱՅԿԱ ընկերության վերաբերյալ ՊԵԿ-ի հրապարակած ապատեղեկատվությանը հայտնում ենք՝

Հասարակության ուշադրությունը ուզում ենք սեւեռել այն փաստի վրա, որ ՊԵԿ-ը չճշտված, ենթադրական բնույթ կրող, ենթադրյալ հարկային պարտավորության վերաբերյալ ընկերության տնօրենի առարկություններին եւ խորացված ուսումնասիրություն իրականացնելու միջնորդությանը խոսում է սպառնալիքներով: Միայն նրա համար, որ ընկերության տնօրենը հլու-հնազանդ չի կատարում ներկայացված պահանջը, ՊԵԿ-ը փորձում է օգտագործել կալանք քրեաիրավական գործիքը՝ անձին վախեցնելու եւ գումար գանձելու համար:

▪️ՊԵԿ-ի մեկնաբանությունների մեջ նշված բոլոր փաստարկները ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի պաշտպանների կողմից հիմնովին հերքվել են ապրիլի 5-ի կալանքի միջնորդության վերաբերյալ դատական նիստի ժամանակ: Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք առաջիկայում ասուլիս հրավիրել եւ հրապարակել դրանք:

▪ ՊԵԿ-ի կողմից իրավական փաստարկները իրավական պրոցեսից դուրս մեդիա ցանցերում հրապարակելը ըստ մեզ հանդիսանում է դատական համակարգի վրա ոչ իրավաչափ ազդեցություն գործադրելու փորձ:

▪ ՊԵԿ-ի կողմից ուղղորդված ապատեղեկատվության տարածումը դիտարկում ենք ոչ միայն ոչ իրավաչափ, այլ նաեւ «Սպայկա» ընկերության գոյությանը ուղղված ուղղակի սպառնալիք:

Մենք երբեւէ չենք հրաժարվել եւ հիմա էլ չենք հրաժարվում հիմնավորված հարկային պարտավորությունների կատարումից եւ պատրաստ ենք ՊԵԿ-ի հետ այդ ուղղությամբ արդյունավետ համագործակցել»:

Նշենք, որ առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում 2019թ. ապրիլի 4-ին Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասi (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չվճարելը) հատկանիշներով։

Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը  պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 036 666 312 ՀՀ դրամ մաքսատուրք եւ հարկ:

ՊԵԿ-ը անդրադարձել է «Սպայկայի» հայտարարություններին